տուն Լուրեր 13 բնակարան՝ գյումրեցի անօթևաններին. յուրաքանչյուրը կարող է դառնալ բարեգործ

13 բնակարան՝ գյումրեցի անօթևաններին. յուրաքանչյուրը կարող է դառնալ բարեգործ

70
0

aren-562x375

13 բնակարան՝ գյումրեցի անօթևան ընտանիքներին. մոտ 20 օր առաջ  մեկնարկել է բարեգործական ծրագիր, որի նպատակն է բնակարանով ապահովել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած գյումրեցի 13 ընտանիքի:  Գաղափարը գյումրեցի երիտասարդ Հայկ Բարսեղյանինն է: Նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն են հայտնել երիտասարդներ հանրապետության տարբեր մարզերից, այդ թվում և Երևանից:

Araratnews.am-ի հետ զրույցում նախաձեռնությանը միացած Արեն Մկրտչյանը նշեց, թե որպեսզի գաղափարը իրականություն դառնա,  անհրաժեշտ է հավաքել 120 հազար ֆունտ: «Ինչպես գիտեք, ավելի քան 27 տարի է անցել ավերիչ երկրաշարժից և առ այսօր աղետի գոտի հասկացողությունը ակտուալ է, ու մոտ 4 հազար ընտանիք դեռևս անօթևան է: Նրանց մեջ կան  նաև այնպիսինները, ովքեր ծայրահեղ ծանր վիճակում են ապրում»,- ասաց Արենը: Նա տեղեկացրեց, որ ձևավորվել է աշխատանքային խումբ, որն աշխատում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հավակնոտ գաղափարը իրականություն դառնա:

Նախաձեռնության հեղինակներին հաջողվել է հավաքել անհրաժեշտ գումարի միայն 11 տոկոսը: Արեն Մկրտչյանն ասաց, որ արձագանքել են մի քանի կազմակերպություններ:

Մկրտչյանի խոսքով՝ տեղի կունենա նաև դրամահավաք՝ փետրվարի 28-ին: Նախատեսվում է նաև  բարեգործական աճուրդ իրականացնել: Մարզական ոլորտի հայտնի ներկայացուցիչներ պատրաստակամություն են հայտնել նվիրաբերել իրեր, որոնց վաճառքից կարող են հավաքագրվել գումարներ: Ծրագրի իրականություն դառնալուն կարող են նպաստել բոլորը՝ շարքային քաղաքացիներից, մինչև բարձրաստիճան պաշտոնյաներ: Յուրաքանչյուր ոք կարող է  դառնալ բարեգործ, նվիրաբերել գումար, որը կօգնի մեկ ընտանիքի ապրել բնակարանում:

Ծրագրի պատասխանատուները վստահեցնում են՝  հավաքված գումարները ծառայելու են բացառապես 13 ընտանիքի բնակարանով ապահովելու համար: Գործընթացն իրականացվում է թափանցիկ:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում: