տուն Տնտեսական 13 տարվա մեջ զանգվածային հոսանքազրկման առաջին դեպքն էր. Ա. Մովսիսյան

13 տարվա մեջ զանգվածային հոսանքազրկման առաջին դեպքն էր. Ա. Մովսիսյան

220
0

Նոյեմբերի 2-ին Իրանի հետ կապված վերջին վթարը ինչի՞ հետևանք էր, որի պատճառով Երևանի մեծ մասն ու հանրապետության մի քանի այլ մարզեր զրկվեցին հոսանքից: Այս հարցը այսօր Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ուղղեց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին: Վերջինս ասաց, որ շաբաթ օրը, ժամը 10։24-ին, Հայաստանի էներգահամակարգը մեկուսացվեց Իրանի համակարգից, ինչն էլ խափանման պատճառ դարձավ:

Ըստ նախարարի՝ Հայաստանը Իրանի հետ ունի բավական մեծ քանակությամբ էլեկտրաէներգիայի փոխհոսքեր, որոնց արդյունքում հնարավոր է լինում օգտագործել ավելի էժան էլեկտրաէներգիա արտադրող կայանների հզորությունը:

«Մեկուսացված իրավիճակում ռեժիմային խնդիրները թույլ չեն տալիս, որ ատոմակայանը 1.7-1.8 մլրդ-ից ավելի էլեկտրաէներգիա արտադրի: Այս ռեժիմներում մենք կարողանում ենք արտադրել մինչև 2.5 մլրդ կՎտ/ժամ: Սա հնարավորություն է տալիս բավականին մեղմել սակագինը: Մեր հաշվարկներով՝ եթե Իրանից մեկուսացած ռեժիմում աշխատենք, սակագնի վրա մեր ազդեցությունը կգնահատվի 7-8 դրամ»,- ասաց նախարարը` հավելելով, որ իրանի հետ համակարգի մեկուսացումից հետո իրենք անջատել են էներգահամակարգը, որպեսզի լուրջ վթար չլինի, և ուղիղ երկու րոպե անց միացրել:

«Իրանի համակարգը շատ հզոր է՝ 44 հազար մեգաՎտ, մերը՝ շուրջ 1400-1200 մեգաՎտ, պատկերացնում եք՝ ինչ տարբերություն է. շուրջ երկու րոպե անց նրանց մոտ միացավ, իսկ մենք միացանք փոքր-ինչ ուշ, և որպեսզի անհարկի վթարներ չլինեին, մենք հոսանքազրկեցինք: Աստիճանաբար արդեն հզորություն տրվեց նախ՝ անվտանգության հետ կապված օբյեկտներին, հետո՝ սպառողներին։ Ամբողջ այս վերականգնման ժամկետը տևեց երեքուկես ժամ»,- նշեց նա։

Մովսիսյանը հայտնեց, որ 13 տարվա մեջ սա զանգվածային հոսանքազրկման առաջին դեպքն էր: Այժմ ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով՝ քննարկելու, թե ինչպիսի միջոցառումներ պետք է իրականացվեն նման իրավիճակներից հնարավորինս խուսափելու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here