ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ շարունակել ընդդիմության հետ փոխզիջումների հասնելու գործընթացը: Այս մասին ասվում է Սպիտակ տան կողմից տարածված հայտարարության մեջ: Նախօրեին Ուկրաինայի նախագահը զանգել է Բայդենին` տեղյակ պահելու ուկրաինական իշխանությունների կողմից կատարված քայլերի մասին, որի արդյունքում հրաժարական է տվել երկրի ողջ կառավարությունը, ինչպես նաև չեղյալ են հայտարարվել հունվարի 16-ին ընդունված օրենքները, որոնք Ուկրաինայում լուրջ հարված էին հասցնում մարդու իրավունքներին :
«Փոխնախագահը ողջունել է այն առաջընթացը, որը ձեռք է բերվել, և կոչ է արել Յանուկովիչին առանց հապաղելու հաստատել խորհրդարանի կողմից հունվարի 16-ի օրենքները չեղյալ հայտարարելու որոշումը»,- ասվում է հայտարարության մեջ: Բայդենը նաև կոչ է արել ձևավորել եվրոպամետ կառավարություն, որը կհապատասխանի ուկրաինացի ժողովրդի նկրտումներին: