Ճապոնացի վազորդ Հիդեկիտի Միյաձակին 100 մ հեռավորության համաշխարհային ռեկորդ է սահմանել 105 տարեկանից մեծ տարիքային խմբում: Այս մասին հայտնում է Bangkok Post-ը:
Մարզիկը տարածությունը հաղթահարել է 42,22 վայրկյանում: Միաժամանակ, նա մի քանի վայրկյան կորցրել է մեկնարկին, քանի որ չի լսել մեկնարկային սուլիչի ձայնը: Վազորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Մեկնաբանելով իր արդյունքը՝ մարզիկը նշել է, որ դժգոհ է ցույց տված ժամանակից: «Ես արցունքներս էի սրբում վազելու ընթացքում, քանի որ այդքան դանդաղ էի վազում: Թերևս, ես ծերանում եմ»,- ասել է Միյաձակին:
Նա նաև նշել է, որ նպատակադրվել է 100 մետրը վազել 35 վայրկյանում: «Ես դեռ կարող եմ բարելավել իմ արդյունքը: Առողջական խնդիր չունեմ, ես կարող եմ վազել ևս 2-3 տարի»,- նշել է վազորդը: