10 օր առաջ մեր հասարակությունը սարսափահար էր դոլար-դրամ տատանումների արդյունքում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: «Եթե նայենք, թե ինչ էր տեղի ունենում 10 օր առաջ, ինչպիսի վիճակում էր հասարակությունը, ապա ձևականորեն կարող ենք հաստատ ասել, որ հիմա վիճակը կայունացել է և ամեն բան նորմալ է: Այո, նախկին 10 օրվա խուճապն անցել է: Հիմա իշխանավորները պետք է նստեն և հաջորդ քայլերն անեն, որովհետև վտանգը կա և կատարվածը պատահական չէր: Դա երկարատև զարգացումների արդյունք էր»:
Դոլար-դրամ տատանումների վրա իրենց ազդեցությունն են թողել նաև արտաքին գործոնները, սակայն, այդ բազան կար, որ գործոնները ազդեցին, հայտնեց Բագրատ Ասատրյանը: «Այս իրավիճակից դուրս գալու միակ երաշխիքը ճիշտ գործունեությունն է: Իրականում ծայրահեղ միջոցների դիմեցին իշխանությունները, իսկ իրական քայլեր ձեռնարկել է Կենտրոնական բանկը: Կառավարությունը ոչինչ համարյա չի արել: Անգամ մի սուբյեկտի գործունեություն չի գնահատվել ու պատժվել: Կենտրոնական բանկի պահեստավորման տոկոսադրույքի կտրուկ ավելացումը՝ կրկնապատկումը՝ մոտ 100 միլիարդ դրամի վճիռ էր: Երկրորդ այդպիսի լծակ Կենտրոնական բանկը չունի»:
Վարչապետի խանութներ այցի մասին Բագրատ Ասատրյանը հայտնեց, որ էմոցիոնալ առումով շատ լավ քայլ է եղել, սակայն, որևէ գործնական փոփոխությունների դա չհանգեց: «Դա, նախևառաջ, տնտեսական ծրագիր է, բյուջեն է, իմ կարծիքով: Վարչապետն էլ ընդունում է գոնե թանկացման 5 տոկոսը՝ բյուջեում քանի տող է վերանայվել այս հարցի շուրջ, թե միայն գոտի ձգելով պիտի վերանայվեն այն հարցերը: Այս ժամանակ հենց առաջինը պետք է կառավարությունը աշխատի: Բոլորս էլ գիտենք այն ասացվածքը, որ «Բարի ցանկություններով է սալապատված դժոխքի ճանապարհը»: Չի կարելի իրական գործողությունները փոխարինել էմոցիաներով: Դա ուղղակի ոչ մի արդյունք չի տա»: