տուն Արցախ 100 դրամ դիմակ` Արցախում. շտաբի հայտարարությունը

100 դրամ դիմակ` Արցախում. շտաբի հայտարարությունը

306
0

Հունիսի 15-ից պարետի որոշմամբ դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում` բացառությամբ բնակելի տարածքից և հանրային սննդի օբյեկտներից (վերջին բացառությունը վերաբերում է միայն հաճախորդներին), թաղման միջոցառումների ժամանակ, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում: Արցախի տեղեկատվական շտաբն է սա գրում: «Հաշվի առնելով, որ կորոնավիրուսից պաշտպանվելու այս գլխավոր միջոցը ձեռքբերելը մեր շատ համերկրացիների շրջանում հնարավոր է՝ որոշ դժվարություններ առաջացնի, Արցախի Հանրապետության Պարետատունը, կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ գործողությունների շրջանակներում, նախաձեռնել է պաշտպանիչ դիմակների ձեռքբերման, պահեստավորման և այն մատչելի գնով քաղաքացիներին տրամադրելու գործընթաց: Մասնավորապես, ձեռքբերվող դիմակների գնի սուբսիդավորման արդյունքում՝ շուկայում վաճառվող մինչև 250 դրամ շուկայական միջին արժեք ունեցող դիմակը մեր համերկրացիներին առաջարկվում է 100 դրամով: Հավելենք, որ դիմակները բժշկական են և եռաշետ, բարձր որակի՝ հապատասխան բժշկական ստանդարտներին:
Պաշտպանիչ դիմակները կարելի է ձեռքբերել փոստային կապի ազգային օպերատորի՝ «Արցախփոստ» ընկերության բաժանմունքներից, հենակետերից և շրջանային մասնաճյուղերից:
Չարաշահումներ չթույլատրելու համար յուրաքանչյուր քաղաքացու միաժամանակ կվաճառվի ոչ ավել, քան 50 դիմակ (1 տուփ):
Տեղեկացնենք նաև, որ այս պահին հանրապետությունում պահեստավորված է անհրաժեշտ քանակության դիմակ և ախտահանիչ նյութեր:
Եղեք առողջ և իրազեկ
Շնորհակալություն Պարետի որոշումներին և ցուցումների հետևելու համար»,- տեղեկանում ենք շտաբի  հայտարարությունից: