տուն Լուրեր 1.9 մլն եվրո Երևանի լուսավորությանը

1.9 մլն եվրո Երևանի լուսավորությանը

99
0

YerevanԷներգաարդյունավետության եւ էկոլոգիական գործընկերության արեւելաեվրոպական հիմնադրամը (E5P) Հայաստանին 1.9 մլն եվրո դրամաշնորհ կհատկացնի Երեւանի փողոցները խնայողաբար լուսավորելու ծրագրի համար։ Այս մասին հոկտեմբերի 20-ին Երեւանում լրագրողներին ասաց E5P տնօրեն Անդերս Լունդը։

Դրամաշնորհը կհամալրի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցները, որոնք տրամադրվել էին 2015թ. մայիսին։ Հայաստանում ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Մարկ Դեւիսը լրագրողներին հիշեցրել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է փոխարինել փողոցային լամպերը, լապտերների սյուները եւ էլեկտրահաղորդման գծերը։ Ենթադրաբար աշխատանքները կընթանան Երեւանի Կենտրոն եւ Արաբկիր համայնքների 28 փողոցներում։

Էներգիայի տնտեսման չափը հասկանալու համար նշենք,  որ դա նույնն է, թե ներկայիս սնդիկային 10 լամպի փոխարեն 4-ը վառ թողնենք։ Նոր լամպերը թույլ կտան 64 տոկոսով խնայել էլեկտրաէներգիան։

Անդերս Լունդի խոսքով՝ էներգիայի տնտեսման հաշվին ծրագիրը տարեկան 200 հազար եվրո հետ կբերի։ Աշխատանքի հիմնական մասը սյուները եւ հնացած լարերը փոխելն է։ Բացի այդ LED լուսավորումը կունենա հեռակառավարման համակարգ, որը կհսկի յուրաքանչյուր լապտեր։ «Խելացի» համակարգը թույլ կտա տնտեսել էներգիան. արեւածագի հետ մեկտեղ լապտերները ավտոմատ կմարեն։