Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, կոչ է անում ձեռնպահ մնալ հայ-ադրբեջանական սահմանին հնչող կրակոցներից,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
«Իրականում, սույն թվականի մայիսի 12-13-ը, Ֆրանսիայի հանրապետության նախագահը, չմոռանալով հրադադարի պայմանագրի ստորագրման 20 -ամյա տարեդարձը, հայտարարեց, որ հարկ է արագացնել բանակցային գործընթացը, որի վերջնական նպատակը խաղաղության հաստատումն է: Կոչ արեց հակամարտության կողմերին ընդունելու այնպիսի կեցվածք, որը պետք է ուղղված լիներ տարածաշրջանում կայունության հաստատմանը: Ձեռնարկվեին հնարավոր քայլեր, որպեսզի լարված վիճակը մեղմվեր: Եվ այս ոգով նախագահը հայտնեց պատրաստակամություն՝ հյուրընկալել երկու երկրների նախագահներին, ձեռնամուխ լինել երկխոսության հաստատմանը: Եվ, բնականաբար, նման հայտարարություն արվեց Ֆրանսիայի կողմից՝ հաշվի առնելով այն, որ Ֆրանսիան հանդիսանում է Մինսկի խմբի համանախագահ երկիր»,- նշեց նա:
Դեսպանի պնդմամբ՝ Ֆրանսիան ակնկալում է, որպեսզի բոլոր պայմանները ի մի բերվեն, որպեսզի հնարավորություն ընձեռվի հանդիպում կազմակերպելու:
«Երբ երկու երկրները պատրաստ լինեն հանդիպելու, Ֆրանսիան իր առաջարկի հետ կապված կանի անհրաժեշտ բոլոր քայլերը: Որպես կանոն, բանակցային գործընթացը, եթե միտում ունի արգասաբեր լինելու, ցանկալի է, որ սկզբում պահպանվի գաղտնիության սկզբունքը: Ես որպես Ֆրանսիայի դեսպան՝ մի երկրի, որ ստանձնել է Մինսկի խմբի համանախագահությունը, նախընտրում եմ այս պահին ձեռնպահ մնալ: Դիրքորոշում հայտնելու իսկական իրավասությունը համանախագահինն է, այլ ոչ թե Ֆրանսիայի դեսպանինը»,- ասաց Ռենոն:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, Ֆրանսիայի դեսպանը մատնանշեց Մադրիդյան սկզբունքները.
«ԼՂ հակամարտության կարգավորման հիմք հանդիսացող մեկնարկային փաստաթուղթը Մադրիդյան սկզբունքներն են, որոնց մեջ ներառված են երեք կետ: Այդ երեք կետերից մեկն էլ ձեռնպահ մնալն է ուժի կիրառումից: Սա առաջին նախապայման կարելի է համարել բանակցային գործընթացի համար, որը կարելի է շարունակական համարել: Եվ այս կետի կարևորության տեսանկյունից է, որ Ֆրանսիան միշտ կոչ է արել ձեռնպահ մնալ շփման գծում ռմբակոծություններից:
Եվ Ֆրանսիան ևս մեկ անգամ կոչ է անում ձեռնպահ մնալ սահմանային կրակոցներից, որպեսզի հիմքեր ստեղծվեն առաջարկն իրականացնելու, այն է՝ հանդիպում կազմակերպել Փարիզում»,- եզրափակեց նա: