Այսօր հայ մամուլի միջազգային օրն է: Կայացման ո՞ր փուլում է այսօր հայատանյան մամուլը, ի՞նչ բացթողումներ ու ձեռքբերումներ կան այսօր ոլորտում: Այս հարցերի շուրջ Araratnews.am-ի թղթակիցը զրուցել է «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ, ով նշել է, որ ամեն ինչ պետք է համեմատության մեջ տեսնել: Ըստ մասնագետի, համեմատած խորհրդային ժամանակաշրջանի հետ, ոլորտում ունենք բավականին ձեռքբերումներ, սակայն միաժամանակ ավելացրել է, որ չնայած դրանˋ կայացած մամուլ ունենալու համար անելիքներ դեռևս շատ կան : «Ժամանկներն առաջ են գնում, և առանց մամուլի կառուցել ժողովրդավարական հասարակություն, հասնել շուկայական բավականին բարձր մակարդակի գրեթե անհնար է: Ես կարծում եմ, որ այսօր մեր լրատվամիջոցների գլխավոր նպատակը պետք է անկախությունը լինիˋ անկախություն տարբեր քաղաքական ուժերից, անկախություն տնտեսական շրջանակներից, որոնք փորձում են իրենց ազդեցությունն ունենալ և ավանդական լրատվամիջոցների, և մեդիաների հանդեպ»,-նշել է Աշոտ Մելիքյանը:
Վերջինիս կարծիքով այս առումով դեռևս շատ անելիքներ կան ու դրա համար պետք է պայքարեն մասնագետները: Araratnews.am-ի թղթակցի այն հարցին, թե հնարավո՞ր է հասնել լիարժեք խոսքի ազատության այն պարագայում, երբ այսօր լրատվական դաշտում գործող հեռուստաընկերություններն ու լրատվական կայքէջերի մեծ մասը պատկանում են այս կամ այն գործարարին կամ հովանավորվում են այս կամ այն օլիգարխի կողմից, Աշոտ Մելիքյանը պատասխանել է. «Այո գաղտնիք չէ, որ շատ հաճախ հենց իրենքˋ օլիգարխները կամ քաղաքական ուժերն են հիմնում լրատվամիջոցներ, և այս դեպքում ուղղակի լրագրողները պետք է հասկանան, որ մի բան է ֆինանսավորվել որևէ աղբյուրից, մի բան է ենթարկվել այդ աղբյուրի թելադրանքին: Անհրաժեշտ է, որ խմբագրության անկախությունը կախված չլինի ֆինանսավորումից, ֆինանսավորումը չպետք է պարտադրի սպասարկել ֆինանսավորողի շահերը»,- նշել է Մելիքյանը: Մեր թղթակցի այն հարցին, թե ակնկալիքներ կարո՞ղ ենք ունենալ, որ առաջիկայում կհասնենք այն ազատությանը, որի մասին բավականին երկար ժամանակ է, ինչ խոսում ենք, Աշոտ Մելիքյանն արձագանքել է. «Մենք կարող ենք ասել, որ ամեն դեպքում համաշխարհային այդ զարգացումները, նաև տեխնոլոգիաների ներդրումը բերում է նրան, որ վերահսկելը սկսում է բացառվել, նոր տեխնոլոգիաների ներդրման և կիրառման պարագայում գրեթե անհնար է դառնում կոծկել որևէ ինֆորմացիա, այնպես որ սա էլ պետք է նպաստի, որպեսզի հասարակությունը կարողանա լրագրողներից ստանալ համակողմանի ինֆորմացիա»: «Խոսքի ազատության» պաշտպանության կոմիտեի նախագահն իր խոսքում անդրադարձել է նաև մամուլի ոլորտում գործող կադրերի մասնագիտական կարողություններինˋ նշելով, որ լրատվական դաշտում օրեցօր ավելանում են նորանոր առցանց լրատվամիջոցները, իսկ դրան զուգահեռ լրագրության մակարդակը գնալով ընկնում է. «Մենք այդքան որակյալ մասնագետներ չունենք, որքան որ՝ լրատվամիջոց, ուղղակի նոր եկող կադրերն ավելի շատ ուշադրություն են դարձնում հենց այդ տեխնոլոգիաների կիրառմանը, ոչ թե լրագրության սկզբունքներին, նորմերին և պահանջներին, ինչի արդյուքում շատ հաճախ նրանց կողմից խախտվում է ոչ միայն օրենքը, այլև լրագրողական էթիկան, և կարծում եմ, որ նաև լրագրողական կադրեր պատրաստող բուհերը պետք է այս հանգամանքին ավելի շատ ուշադրություն դարձնեն, բարձրացնեն ուսուցման մակարդակը»,-եզրափակել է Աշոտ Մելիքյանը:
Էմմա Պալյան