Ֆիլիպինյան «Philstar» հրատարակությունը մի նյութ է հրապարակել, որում խոսվում է Հայաստանի և այնտեղ այցելելու պատճառների մասին: Մասնավորապես, հրատարակության մեջ նշվում է, որ Հայաստանը միավորում է այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Քիմ Քարդաշյանը, Անդրե Աղասին և նույնիսկ Սթիվ Ջոբսը:
«Ի՞նչ ընդհանրություն ունեն Շերը, Քարդաշյանը, Աղասին, Ազնավուրը և նույնիսկ Ջոբսը: Նրանք բոլորը հայ են: Սթիվ Ջոբսին որդեգրող մայրը՝ Կլարա Հակոբյանը, հայ է եղել: Ջոբսը սիրում էր հայկական ամեն բան, այդ թվում՝ ազատ տիրապետում էր լեզվին»,- ասված է աղբյուրում:
Հոդվածի հեղինակներն այցելել են Հայաստան, և նրանց վրա հատկապես մեծ տպավորություն է թողել հնագույն ձեռագրերի պահոցը՝ «Մատենադարանը»:
Ֆիլիպինցիները նաև Հայաստանում գնահատել են այնտեղ առկա հին քրիստոնեական ավանդույթները, դուդուկի երաժշտական արվեստը, հայկական ավանդական խոհանոցը. խաշլաման, բաստուրման, տոլման և հարիսան:
Հեղինակները Արարատ լեռը անվանել են Հայաստանի ազգային խորհրդանիշ, որը պատկերված է նաև հանրապետության զինանշանի վրա: Էջմիածնում նրանք տեսել են՝ Նոյի տապանից մնացած փայտե կտորը, առաքյալների և այլ անձանց մասունքներ:
Հրատարակությունը նաև խոսել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության և այն ֆիլմերի մասին, որոնք հիշատակում են Հայաստանն ու հայությանը: