Հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագծի ընդունմամբ, որով նախատեսվում է բարձրացնել պաշտոնյաների աշխատավարձերը, իշխանությունը ձեռք բերեց չինովնիկների կայուն կողմնակիցների շրջանակ:
Ըստ Ղուկասյանի` այս օրենքը իշխող խմբի անձնական շահերից է բխում եւ ապահովում է նրանց, ովքեր հավատարիմ են ծառայում ռեժիմին:
«Հայաստանում մոտ 20 հազար չինովնիկ կա եւ ռեժիմի համար առաջնային է այդ մարդկանց համար ստեղծել ինչ-որ պայմաններ, որ իրենք չընդվզեն գազի, էլէկտրաէներգիայի որոշումների սակագները արհեստական եւ անհիմն բարձրացնելու որոշումների դեմ: Իմ կարծիքով հանրությունը այստեղ ունի հիմք` հանդես գալու բողոքով, եւ չհամաձայնել, որ իր արդար եկամուտի հաշվին՝ ռեժիմը պահի մի հսկա չինովնիկների զանգված»,- Araratnews.am-ին ասում է Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ երեկ, խորհրդարանն առաջին ընթերցմամբ՝ 69 «կողմ», 31 «դեմ», 6 «ձեռնպահ» ձայներով հաստատեց «Պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին» օրինագիծը։
Ըստ օրինագծի` Սերժ Սարգսյանի աշխատավարձը բարձրանալու է 203 տոկոսով, այսինքն` 436 հազար դրամից դառնալու է 1 միլիոն 322 հազար դրամ, Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի աշխատավարձերը 373 հազար դրամից դառնալու է 1 միլիոն 190 դրամ:
Լիլիթ Առաքելյան