Քաղաքացիները հաճախ են երթուղային տրանսպորտի անհարմարության համար մեղադրում վարորդներին: Նրանք հաճախ բողոքում են, որ վարորդները թույլատրելիից ավելի քանակով ուղևորներ են վերցնում: Որքան էլ մենք փորձենք մեղադրել վարորդներին, մի բան հաստատ է, որ նրանք էլ մեծ ցանկությամբ չեն ավել ուղևորներ վերցնում, որովհետեւ մեքենան ավելի հաճախ է վնասվում այդ դեպքում, սակայն ստիպված են, քանի որ նրանցից պահանջվող օրվա «պլանը» բավականին մեծ է: Երեկ, այն, ինչը պատմեց Երևան-Աբովյան երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը, անհավատալի է թվում, սակայն նրա հավաստմամբ՝ իրականություն է: Ըստ վարորդի՝ նրանք օրական 102 000 դրամ գումար են վճարում գծատերերին.«Օրական 102 000 դրամ տղա ջան: Հասկանում եմ, որ ավտոբուսը մեծ է, բայց ոնց կարող ենք էդքան գումար հավաքել ամեն օր: Օրեր են լինում, որ չենք կարողանում, ստիպված մեր գրպանից ենք դնում»,- ասաց մեր զրուցակից վարորդը, ավելացնելով, որ բոլոր գծատերերն էլ ահռելի գումարներ են պահանջում և վարորդների ամենօրյա տանջանքը նրանց համար է վայելք դառնում.«Բոլոր երթուղիներում էլ բարձր պլան են ուզումˋ ինչ անեն վարորդները: Գոնե մեր աշխատանքը գնահատեն և նորմալ վարձատրեն: Մեր ամենօրյա տանջանքի պտուղները իրենք 100 տոկոսով վայելում են»,-եզրափակեց իր խոսքը վարորդը: