Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ վարչապետը իր ֆեյսբուքյան էջում գրել էր ուժային կառույցների ղեկավար կազմում փոփոխություններ կատարելու մասին:
Կառավարության ղեկավարն այսօր պաշտպանության նախարարությունում բարձրագույն սպայակազմին ներկայացրեց Զինված ուժերի նորանշանակ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին:
Վարչապետն իր ներածական խոսքում շնորհակալություն հայտնեց գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին այս ընթացքում կատարած աշխատանքի համար` ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում:
«Պետք է արձանագրել, որ այս ընթացքում Զինված ուժերում իրոք հսկայածավալ ախատանք է կատարվել, հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել, և իհակե ձևավորվել է շատ մեծ օրակարգ, որը դեռ պետք է իրագործվի»:
Նիկոլ Փաշինյանն այնուհետև ողջունեց և շնորհավորեց Զինված ուժերի նորանշանակ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին:
«Օնիկ Գասպարյանը նոր մարդ չէ Զինված ուժերում, և պարոն Դավթյանի նման անցել է զինվորական ծառայության առաջխաղացման բոլոր աստիճաններով: Արդեն երկար ժամանակ զբաղեցնում էր Զինված ուժերի ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնը, և անկեղծ ասած, այս ընթացքում վարչապետի կարգավիճակում ավելի մոտիկից շփվելով մեր ԶՈՒ-ի հետ, մի շատ կարևոր և հաճելի արձանագրում եմ արել, որ զինվորականությունը որպես խավ կայացել է ՀՀ-ում և զինվորականությունն այսօր մի մեծ ընտանիք է, որը մեր պետականության ողնաշարի դերն է կատարում, և որի առկայությունը ամենագլխավոր երաշխիքն է մեր ինքնիշխանության, մեր պետականության, մեր լինելության»,- ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշեց, որ Արտակ Դավթյանի հետ առաջիկայում կքննարկեն այս ընթացքում կատարվածը: Վարչապետը հույս հայտնեց, որ երկուստեք կգան ընդհանուր եզրակացության:
Վարչապետ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այս ընթացքում Օնիկ Գասպարյանը լիարժեք և ամբողջապես ներգրավված է եղել և մասնակիցն է եղել տեղի ունեցող գործընթացներին, և երկրի ղեկավարը վստահ է, որ այս առնչությամբ կպահպանվի ժառանգականությունը և խնդիրների լուծման որակը էլ ավելի կբարելավվի:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ զինվորական խավն անընդհատ պետք է իր կյանքում զգա փոփոխություն`աշխատանքային կյանքում, սոցիալական երաշխիքների համակարգում: ինչպես նաև ասաց, որ ՀՀ-ում բոլորը, բայց առավել ևս զինվորկանները պետք է լավ ապրեն:
Եզրափակիչ մասում տեղի ունեցավ դրոշի փոխանակման հանդիսավոր արարողությունը:
Հայկ Մագոյան