2002 թվականի օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Յագուդինը մեղադրել է օլիմպիական գործող չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի մերձավորներին, որ նրանք սպառնալիքներ են հնչեցնում իր հասցեին։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
Ավելի վաղ Պլյուշչենկոն վնասվածքի պատճառաբանությամբ հրաժարվել էր մասնակցել տղամարդկանց անհատական օլիմպիական մրցումներին, ինչից հետո շատերը, այդ թվում Յագուդինը, քննադատել էին նրան՝ ուրիշի փոխարեն Սոչի մեկնելու և տղամարդկանց մրցաշարը, Ռուսաստանի համար, տապալելու մեջ։ Յագուդինը կասկած էր հայտնել, որ Պլյուշչենկոն իրականում չէր ցանկանում պարտություն կրել այդ մրցումներում։ Այս կասկածի համար հիմք է հանդիսացել այն, որ երկու շաբաթ հետո Պլյուշչենկոն պատրաստվում է մասնակցել իր շոուի շրջագայությանը։
«Երեկ արդեն հեռախոսազանգ եմ ստացել, խոսել եմ նաև Յանայի (Պլյուշչենկոյի կնոջ — խմբ․) հետ, այդպես նա ներկայացավ։ Կյանքի սպառնալիքներ հնչեցին իմ և իմ երեխայի հասցեին։ Ամենաթողությունը շարունակվում է։ Եթե իմ կամ իմ ընտանիքի անդամների հետ ինչ-որ բան տեղի ունենա, մեղադրեք Յանային, Ժենյային և նրա շրջապատին», — գրել է Յագուդինը Twitter-ի իր էջում։
Պլյուշչենկոյի կինը՝ Յանա Ռուդկովսկայան հերքել է, որ զանգողն ինքն է եղել։