Հինգշաբթի օրը Ուելսում մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը The Times թերթում հանդես են եկել համատեղ հոդվածով, որում համատեղ աջակցություն են խոստացել Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ պայքարում։
«Ղրիմի միակողմանի բռնակցմամբ և Ուկրաինայի հարավ-արևելք զորքեր մտցնելով, որը ոտնահարում է օտարեկրյա պետության ինքնիշխանությունը, Ռուսաստանը դեմ է գնացել միջազգային կյանքի հիմնարար սկզբունքներին», — գրել են Օբաման և Քեմերոնը։ Նրանք նշել են, որ զենքի գործադրմամբ Ռուսաստանը փորձում է թույլ չտալ Ուկրաինային գնալ ժողովրդավարացման ուղով։ Այդ պատճառով անհրաժեշտ է օգնել Ուկրաինային՝ չշեղվելու ժողովրդավարության ճանապարհից, ինչպես նաև աջակցել ներուժի մեծացման հարցում։
Պետությունների ղեկավարները շեշտել են, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է մեծացնի իր կայուն ներկայությունը Արևելյան Եվրոպայում, այն ամրապնդի ցամաքային, օդային, ծովային և հատուկ ուժերով, որոնք օպերատիվ կարձագանքեն աշխարհի տարբեր հատվածներում ծագող վտանգներին։
Օբաման և Քեմերոնն անդրադարձել են նաև «Իսլամական պետություն» խմբավորումից եկող վտանգներին։ «Ահաբեկիչները չարաչար սխալվում են՝ կարծելով, որ մենք կնահանջենք վտանգների հանդիպելուց հետո։ Արնախում մարդասպանները չեն կարող վախեցնել այնպիսի պետություններին, ինչպիսիք են Բրիտանիան և Ամերիկան», — գրել են Օբաման և Քեմերոնը։