ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հանդես է եկել Ուկրաինայի հարցով հայտարարությամբ։ Նա մասնավորապես ասել է, որ Ուկրաինայի հարցը քննարկվում է ուղիղ ռուսական իշխանությունների հետ։ Օբաման հայտարարել է, որ վերջերս հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն հստակ «հասկացրել է», որ աջակցում է Ուկրաինայի հաջողություններին, կայունությանն ու միասնությանը։
«ԱՄՆ-ն խորը մտահոգություն է հայտնում Ուկրաինայում ռուսական զինված ուժերի գործողությունների կապակցությամբ։ Ցանկացած ներխուժում ունենալու է իր գինը», — ասել է Օբաման՝ ՌԴ-ին կոչ անելով հետևել Ուկարինայի տարածքային ամբողջականության ապահովման իր պարտավորություններին։ «Մենք դատապարտում ենք բռնությունները և աջակցում ենք ուկրաինացիներին երկրում իրավիճակը կարգավորելու նրանց ձգտումներում», — ասել է նա։
Օբաման հավելել է, որ միջամտությունը չի համապատասխանում Ուկրաինայի, Ռուսաստանի և Եվրոպայի շահերին։