Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Բավրայի բաժանմուքի ավագ տեսուչը հոգեներգործուն դեղահաբեր է վաճառում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել ոստիկանության մայորի Գյումրիում գտնվող բնակարանում։ Հայտնաբերվել և առգրավվել են ընդհանուր 150-ից ավելի հոգեներգործուն դեղահաբեր ու դեղապատիճներ, այդ թվում՝ «դիազեպամ» և «լիրիկա» գրառմամբ։ Ոստիկանության աշխատակցի մեքենայի խուզարկությամբ ևս հայտնաբերվել է հոգեներգործուն 4 դեղապատիճ։
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Ըստ քննության այս պահին հայտնի տվյալների՝ ոստիկանության ծառայողը հոգեներգործուն դեղահաբերը Գյումրիում ապրող մի տղամարդու անձամբ վաճառել է քրոջ դեղատնում։ Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։