տուն Լուրեր «Քրեական, գողական տարրեր են օգտագործել եւ ահաբեկել բնակիչներին». Նոր մանրամասներ Մարցում տեղի...

«Քրեական, գողական տարրեր են օգտագործել եւ ահաբեկել բնակիչներին». Նոր մանրամասներ Մարցում տեղի ունեցածի վերաբերյալ

155
0

1452114_710023569008965_39269818_n

Բնապահպան Եղիա Ներսեսյանը Araratnews.am-ի հետ զրույցում մանրամասնում է, թե ինչ է կատարվել վերջին ամիսներին Մարց գյուղում, որից ստացված ահազանգերով, երեկ «100 աստիճան» քաղաքացիական նախաձեռնության անդամները մեկնել էին գյուղ եւ բնակիչների հետ փակել Երեւան-Թբիլիսի միջպետական մայրուղու Վանաձոր-Մարց ճանապարհահատվածը:

Նա նշում է, որ Մարց գետի վրա արդեն կառուցվել է 2 ՀԷԿ: Այժմ ուզում են կառուցել երրորդը, եւ ճանապարհը փակելով՝ քաղաքացիական ակտիվիստներն իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին դրա դեմ:

«Հիմա մի փոքր հատված է մնացել՝ շուրջ 15 կմ, որը գյուղին ամենամոտ հատվածն է ու երեխաները այդտեղ գնում լողանում են: Այդ մասում են արդեն ուզում երրորդ ՀԷԿ-ը կառուցել»,-ասում է Եղիա Ներսեսյանը:

Նա նշում է, որ դեռ 4-5 ամիս առաջ  էին ահազանգ ստացել, որ ուզում են Մարց գետի վրա երրորդ ՀԷԿ-ը կառուցել, իսկ այժմ ակտիվ շինարարական աշխատանքներ են սկսվել, խողովակներ են անցկացրել:

«Գյուղացիները դեմ էին կանգնել ՀԷԿ կառուցմանը, բայց պարզվում է, որ այս ընթացքում քրեական գողական տարրեր են օգտագործել եւ ահաբեկել են բնակիչներին առանձին առանձին: Մեկին՝ տղա ունես ծառայող՝ վատ կլինի, մեկին՝ գործից կհանենք: Ու մի 15 հոգի են այդպես մարդկանց ահաբեկողները, որոնց գլխավորը ինչ-որ Վաչո է: Ահազանգը հասնում է մեզ այսքան ամիս անց՝ որ  սպառնացել են գյուղացիներին, ու մենք որոշեցինք գնալ գյուղ»,-ասում է Ներսեյանը:

Նա նշում, որ  գյուղում նույնիսկ հանրային լսումներ չեն անցկացվել եւ հաշվի չի առնվել շուրջ 320 բնակիչ ունեցող գյուղի կարծիքը:

«Մի փոքր գյուղապետարանում լսումներ են արել, որտեղ երեխեքը փախել էին դպրոցից, գնացել էին, որ իրանց կամքը արտսհայտեն,  հետո գյուղապետը եւ իր տղան, որ ավագանու անդամ է, եւ մի 7 հոգի  ստորագրել են, որ իրենք կողմ են, բայց ընդհանուր գյուղը դեմ է: Ուղղակի, երեկ ճանապարհը փակելու ժամանակ շատ  գյուղացիներ այս սպառնալիքներից զգուշանալով, առաջվա ոգեւորությունը չունեին։ Նրանց մեծ մասը տներից դուրս չեկավ. հիմնականում դպրոցական երեխաներն էին, փոքրերը, որոնք անվախ միացել էին մեզ իրենց բողոքն արտահայտելու»,-հավելում է Ներսեսյանը:

Նա կարծում է, որ երեկ ճանապարհը փակելով, հարցը հանրային հնչեղություն ստացավ, եւ իրենք հետեւողական են լինելու մինչեւ հարցի լուծմանը հասնելը:

«Մենք ամեն դեպքում գյուղացիներին ոգեւորեցինք, որ իմանան՝ իրենք պետք է տեր կագնեն ու չվախենան: Հուսով եմ, որ ոստիկանությունը քրեական տարրերի հարցը կլուծի, քանի որ տարածքային ոստիկաններ էին եկել նաեւ, եւ մենք իրենց ասացինք, որ գյուղացիներին ահաբեկել են»,-հավելում է Եղիա Ներսեսյանը Araratnews.am-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ երեկ գրեթե մեկ ժամ «100 աստիճան» նախաձեռնության անդամները Մարց գյուղի բնակիչների հետ փակել էին  Վանաձոր-Մարց ճանապարհահատվածը, որի հետեւանքով խցանումներ էին առաջացել:

Լիլիթ Առաքելյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here