տուն Լուրեր Քոչարյանի վերադարձը հնարավոր է միայն մի դեպքում

Քոչարյանի վերադարձը հնարավոր է միայն մի դեպքում

108
0

big_7d5c4f16e39883cc6dd688360cdc2036

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին: Araratnews.am-ն այս հարցի շուրջ զրուցել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի հետ:

— Ինչի՞ հետ էր կապված Տիգրան Սարգսյանի հրաժարականը:

— Կարծում եմ, վարչապետի հրաժարականը կապ ունի առավելապես արտաքին քաղաքականության զարգացումների հետ: Շատ ու շատ խնդիրներով, սկսած Լեռնային Ղարաբաղի հարցից ու վերջացրած Սիրիայի ու Մաքսային Միության հետ կապված հարցերով Սերժ Սարգսյանին պետք էր պաուզա և այդ խնդիրը ինքը լուծեց կառավարության հրաժարականով:

-Որո՞նք են լինելու «քառյակի» հաջորդ գործողությունները: 

-Իհարկե, ես քառյակի անունից հիմա չեմ կարող խոսել, բայց քառյակի անդամները սա կապում են ՍԴ որոշման հետ, դա համարում են հաղթանակ: Ես վախենամ, որ չափազանց վտանգավոր լինի նման հաղթանակի զգացողությունը:

— Իսկ Ձեր կարծիքով՝ սա կապ ունի՞ կուտակայինի հարցի հետ: 

-Ոչ: Բացարձակապես կապ չունի: Գիտե՞ք, կուտակայինի հարցում Սերժ Սարգսյանը իրեն պիտի հանի, որովհետև ինքը հավասարապես պաշտպանել է այդ օրենքը: Եվ ըստ էության, ՍԴ-ն արել է այն, ինչ ինքը ուզում էր: Ասել, որ օրենքը շարունակելու է գործել, պարզապես վերանայվելու են դրա դրույթները: Դրանով Սերժ Սարգսյանը պահեց Տիգրան Սարգսյանի դեմքը: Ըստ էության նրան հնարավորություն տրվեց, իմանալով, որ հրաժարական է տալու, առաջինը հայտարարել, որ պահումները շարունակվելու են: Վերջին հաշվով, եթե Սահմանադրական դատարանը կայացներ այլ որոշում, դա կլիներ ոչ միայն ընդդեմ Տիգրան Սարգսյանի, այլև ընդդեմ Սերժ Սարգսյանի: Հետևաբար բավականին խորամանկ քայլ կատարվեց: Սերժ Սարգսյանը միտումնավոր ստեղծեց այնպիսի իրավիճակ, որ քառյակը իրեն հաղթանակած համարի:

— Վարչապետի հրաժարականը, ըստ Ձեզ կապված չէր նաև ՍԴ որոշման մասին հակասական մեկնաբանությունների՞ հետ:

— Ո՛չ: ՍԴ որոշումը հստակեցրեց Գագիկ Հարությունյանը: Նրա մեկնաբանությունը, ըստ էության, կրկնում է Տիգրան Սարգսյանի մեկնաբանությունը: Նրանք պարզապես խոսել են այլ լեզուներով:

-Ի՞նչ եք կարծում, սա քաղաքական նոր խաղի սկի՞զբ է:

— Սա ավելի շատ նշանակում է քառյակի խաղի ավարտ: Որովհետև, քառյակը պետք է կամ անցնի հաջորդ հանգրվանին, ինչի հետ կապված ռիսկերը շա մեծ են, կամ ուղղակի հայտարարի, որ ամեն ինչ ավարտված է:

— Ըստ Ձեզ, ո՞վ կլինի հաջորդ վարչապեստ: 

-Ես չեմ կարող ասել, թե ով կլինի դա, ես կարող եմ նկարագրել: Նա պիտի լինի այնպիսի մարդ, որը հավասարապես ընկալելի լինի Մոսկվայի, Բրյուսելի և Վաշինգտոնի միջև:

— Անուններ կնշե՞ք:

— Օրինակ Սեյրան Օհանյանը, որն առաջնորդում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները և հավասարապես վստահելի է՝ որպես զինվորական: Կարող է լինել նաև Լոնդոնում պաշտոնավարող Արմեն Սարգսյանը, այդ չափանիշներին մասամբ կարող է համապատասխանել Վիգեն Սարգսյանը:

— Քննարկվում է նաև Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: 

— Դա հնարավոր է միայն մի դեպքում. եթե Մոսկվան բացարձակ ճնշում գործադրի նրա օգտին: Սակայն, կարծում եմ, դա չափազանց ռիսկային է, քանի որ անցած տարիները ցույց տվեցին, որ դա չի ցանկանում ոչ Սերժ Սարգսյանը, ոչ՝ Արևմուտքը:

 

Անի Պետրոսյան