Վաղը ժամը 17։00-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը եւս երկու ամսով երկարեցնելու գործով դատական նիստը:
Մինչդեռ ազտամարտիկի փաստաբան Արա Զաքարյանը Araratnews.am-ի հետ զրույցում նշում է, որ մինչ օրս քննիչը ոչ մի նյութ չի ներկայացրել դատարան, բացի իր միջնորդությունից:
«Սա օրենքին հակասում է, որովհետեւ Քրեական դատավարության օրենսգրքի 285 հոդվածում հստակ նշված է, որ եթե նախաքննական մարմինը ցանկանում է անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառել կամ կալանքի տակ գտնվելը երկարացնել, ապա պետք է դատարան ներկայացնի միջնորդությունը եւ կից` միջնորդությունը հիմնավորող նյութեր: Սակայն նախաքննական մարմինը մինչ օրս դատարանին ոչ մի նյութ չի ներկայացրել, բայց խնդրել է կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնել»,- ասում է Զաքարյանը:
Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ ձերբակալված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դեմ հարուցված է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով՝ նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (խարդախություն՝ խոշոր չափերով):
Լիլիթ Առաքելյան