Քյարամ Սլոյանը եղել է արցախա-ադրբեջանական քառօրյա պատերազմի առաջին զոհերից մեկը։ Նա ծառայում էր Արցախի հյուսիս-արևելյան սահմանագծին՝ Մարտակերտում:
2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հարձակում են գործում Արցախի Հանրապետության ուղղությամբ: Չորս օր տեւած պատերազմը երկու կողմերին հասցնում է մարդկային եւ տեխնիկական կորուստներ։ Հայկական կողմի կորուստների մեջ էր նաեւ ազգությամբ եզդի զինվոր Քյարամ Սլոյանը։ Նրա մահվան մասին պաշտոնապես հայտարարվել է 2016 թվականի ապրիլի 5-ին
Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ եզդիների ընտանիքում։ Նրա հայրը՝ Քյալաշը, եղել է 1988-1994 թվականների Արցախյան պատերազմի ազատամարտիկ։ 2014 թվականին Քյարամ Սլոյանն առաջին զորակոչով ներկայացել է Աշտարակի զինկոմիսարիատ եւ անցել ծառայության Արցախի Հանրապետությունում: