տուն Հասարակություն Մահացությունը առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ նվազել է

Մահացությունը առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ նվազել է

270
0

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հաշվետվություն այս տարվա առաջին եռամսակի սոցիալ-տնտեսական վիճակի մասին: Araratnews.am-ը հրապարակումից տեղեկանում է, որ 2011 թ. մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2020 թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 956.9 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 890.6 հազ. մարդ և գյուղականը` 1 066.3 հազ. մարդ:

2020 թ. հունվար-մարտին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 104,0%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 108,8 %-ի համեմատ: Այս տարվա առաջին եռամսյակում ծնվել է 7 578 մարդ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 7 952-ի փոխարեն: Մեռելածինների ցուցանիշն 85 է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 75-ի փոխարեն: Մահացածների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է՝ 7 289 մահ 2019 թ-ի 7307-ի փոխարեն:

Բնական հավելաճը, ամուսնությունները նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ նվազել են, իսկ ամուսնալուծությունները՝ ավելացել:

Մահվան հիմնական պատճառը նախորդ տարվա պես արյան շրջանառության համակարգի հիվանդություններից են՝ 4106 դեպք, նորագոյացություններից՝ 1 372 դեպք, շնչառական օրգանների հիվանդություններից՝ 755, մարսողական օրգանների հիվանդություններից՝ 372, դժբախտ պատահարներից, թունավորումներից և վնասվածքներից՝ 204,  վարակիչ և մակաբուծային հիվանդություններից՝ 41, այլ հիվանդություններից՝ 439 դեպք: