տուն Հասարակություն Առողջապահություն Քաղաքը արթնացել է կորոնավիրուսյան քնից. միշտ պետք է զգոն լինել

Քաղաքը արթնացել է կորոնավիրուսյան քնից. միշտ պետք է զգոն լինել

287
0

Լուսանկարը՝ Hetq.am-ից

Տպավորություն է, թե ժողովուրդը երեկ ազատվեց կալանքից: Տեղաշարժի սահմանափակման վերացումից հետո համացանցը ողողվեց սրճարաններից, զբոսայգիներից բազմամարդ տեսարանների կադրերով: Թվում է, թե  երեկ սկսվեց գարունը, մարդկությունը զարթոնք ապրեց…

Երեկ, տնից հեռավար աշխատանքից հետո, ես էլ շատերի նման առանց թերթիկի, անձնագրի դուրս եկա փողոց: Ճիշտ է, արդեն երեկո էր, բայց դրսում խաղացող երեխաներ կային, իրար գլխի հավաքված տղամարդիկ, այս ու այն կողմ գնացող ժողովուրդ: Մի խոսքով`եռուզեռ էր: Քաղաքն արթնացել էր երկարատև կորոնավիրուսյան քնից:

Անսովոր, բայց, միևնույն ժամանակ, հաճելի էր ամեն ինչ. երեխաների աղմուկ, զբոսնող սիրահար զույգեր, նարդի «քցող» թոշակառուներ:

Կարանտինի օրերին հատկապես գնահատացինք պարզ, մարդկային շփումները, մի քանի ժամ առօրյա հոգսերից կտրվելու և ընկերների հետ ժամանակ անցկացնելու վայելքը, ամենամոտ, ամենահարազատ մարդկանց տեսնելու, գրկախառնվելու, միասին գեղեցիկ պահեր անցկացնելու և պարզապես մայիսյան յասամանաբույր փողոցների գարունը ապրելու հաճույքը:

Բայց…

Ժողովուրդ ջան, ճիշտ է, նկարագրածս ամեն ինչն իհարկե ձեր սրտով է և դուք ճիշտ եք: Բայց մենք ապրում ենք և դեռ երկար ենք ապրելու կորոնավիրուս կոչվող չարիքի հետ: Եվ մեր ապրելակերպից է կախված, թե ինչքան ժամանակ պիտի հանդուրժենք վիրուսին:

Ինչքան էլ դժվար լինի՝ պիտի դիմանանք: Մեզ պետք չեն տեղաշարժը սահմանափակող թերթիկներ, որպեսզի մենք պահենք սահմանված կարգ ու կանոնը: Հեչ պարտադիր չէ, որ մեզ համար ապրելու մեթոդներ ստեղծվեն: Ինչ է, մենք չե՞նք գիտակցում: Իհարկե գիտակցում ենք: Երբ մեզանից յուրաքանչյուրը ամենայն պատասխանատվությամբ մոտենա հարցին՝ խնդիրներն ավելի շուտ կլուծվեն:

Ապրել կողք կողքի, լինել հոգատար, բայց տարածության վրա. սա է այսօրվա  հրամայականը: Ի վերջո, տեղաշարժի սահմանափակման թերթիկն ու ախտահանված ձեռքերը յուրաքանչյուրիս մտքում պետք է լինեն: Հակառակ դեպքում…

Պարզապես սիրեք կյանքը ու առողջ եղեք…

Հայկ Մագոյան