Քաղաքականության մեջ անկանխատեսելիությունն այն գործոնն է, որից ամեն կերպ փորձում են խուսափել բոլոր վարչակարգերն ու իշխանությունները: Հայաստանյան իրականության մեջ ևս, առկա վարչակարգը ցանկացած միջոցի կդիմի` անկանխատեսելի անհատներին, խմբերին կամ քաղաքական ուժերին «վնասազերծելու» համար: Ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ հաճախ հայաստանյան ընդդիմությունները ցուցաբերել են այնպիսի կեցվածք, որը մեծմասամբ տեղավորվում էր ընդդիմության մասին իշխանության պատկերացումների մեջ:
Այս տեսանկյունից հայաստանյան իշխանության համար լիովին անընկալելի ու անկանխատեսելի էր 2008-ի շարժումը, որին դիմագրավելու համար, ի վերջո, վարչակարգը դիմեց հանցագործության և ռեպրեսիվ միջոցների` իրականացնելով մարտի 1-ի սպանդն ու դրան հաջորդած քաղաքական դատավարությունները: 2008-ի շրջադարձերից հետո, կամա թե ակամա, պետք է արձանագրենք, որ երկրի ներքաղաքական կյանքում անցուդարձը կրկին դրվեց կանխատեսելի և, ինչ-որ տեղ անգամ, վերահսկելի հունի մեջ: Սրան զուգահեռ, իշխանական քարոզչամեքենան, այդ թվում և լրատվամիջոցների այն հսկա բանակը, որի ուղղորդվածությունը կասկած չի հարուցում, սկսեցին առաջ տանել ընդդիմության սպառման և պառակտման թեզը, որը իրավամբ երբեմն համապատասխանում էր իրականությանը: Սակայն, այդ նույն քարոզչությունը տարբեր ամբիոններից սկսել էր շեշտել, որ սպառվել են նաև առկա իշխանությունների դեմ քաղաքական պայքարի բոլոր միջոցները:
Այնուամենայնիվ, կրկին անգամ հիշելով Բիսմարկին, պետք է նշենք՝ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է: Քաղաքական իրավիճակը, գաղափարները, պայքարի միջոցներն ու ուղիները կարող են փոխվել կամ ստեղծվել դանդաղ, գուցե աննշան, սակայն քաղաքականությունը երբեք չի կարող մնալ քարացած: Հայաստանյան իրականության մեջ վերջին շրջանի անցուդարձերը եկան ապացուցելու, որ չնայած քաղաքական դաշտում լճացման բավական բարձր մակարդակին, այնուամենայիվ, ծնվում են իրողություններ, որոնք ինչ-որ տեղ դուրս են գալիս իշխանական մոդելի սահմաններից:
Նախ քաղաքացիական հասարակության կայացման շարունակական գործընթացը, չնայած, իր մեջ ներառում է չափազանց տարասեռ խմբերի` ընդհուպ մինչև ներդրված գործակալների, այնուամենայնիվ, հաճախ անկանխատեսելի է վարչախմբի համար: Սրա ականատեսը դարձանք դեկտեմբերի 2-ին, երբ բերման ենթարկվեցին ավելի քան հարյուր ՀՀ քաղաքացիներ, սա արդեն վկայում է ուժային մամինների, իսկ ընդհանուր առմամբ՝ իշխանության ցայտնոտի մասին, քանի որ, բախվելով անկանխատեսելի իրողության հետ, իշխանությունը վերջին հույսի հնար տեսնում է բռնությունը:
Մոտավորապես նույն սցենարը գործեց նաև նոյեմբերի 5-ի իրադարձությունների ժամանակ: Շանթ Հարությունյանի քայլերը ևս դուրս էին գալիս հայաստայնան իշխանության կանխատեսելիության մոդելից, ուստի, հիմնվելով զուտ Շանթ Հարությունյանի բառապաշարի վրա, ոստիկանական գործակալների անմիջական թողտվությամբ ու մասնակցությամբ կազմակերպվեց սադրանք, որի արդյունքում Շանթ Հարությունյանը և նրա մի շարք կողմնակիցներ ձերբակալվեցին:
Որքան էլ կարող է տարօրինակ թվալ առաջին հայացքից, իշխանական կանխատեսելիության մոդելից դուրս գտնվող իրողություն էր նաև օրեր առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագրի» մեկնարկը: Հայաստանյան իշխանության համար նախաձեռնությունը կարող է վերածվել սկզբնական շրջանում լուրջ «գլխացավանքի», իսկ առաջիկայում, հնարավոր է, մրցունակ քաղաքական օպոնենտի: Համենայնդեպս, ներկայիս փուլում, նախաձեռնության կազմակերպվածության բարձր մակարդակն ու օրակարգի առկայությունը հնարավորություն չի ընձեռնում իշխանական սադրանքների համար, նախաձեռնող խմբում ընդգրկված անհատների քաղաքական կենսագրությունը ևս հակաքարոզչության ծավալման առանձնապես մեծ շանսեր չի տալիս, չնայած, նախաձեռնության մեկնարկից հետո իշխանական մամուլը լծվեց հակաքարոզչության նվիրական գործին, սակայն մի կողմից էլ նախաձեռնության կողմից դեռևս ակտիվ քայլերի բացակայությունը զրկում է մանիպուլյատիվ մամուլին խուսանավելու հնարավորություններից: Ինչևէ, զերծ մնալով կանխատեսումներից, փաստենք միայն, որ և´ նոյեմբերի 5-ի իրադարձությունները և´ Քաղաքացիական պայմանագրի մեկնարկը, և քաղաքացիական հասարակության ձևավորման շարունակական գործընթացը խոսում են հայաստանյան քաղաքական դաշտում որակապես նոր իրողությունների ծնունդի մասին:
Աղասի Մարգարյան