Հայաստանյան իշխանությունների մեծագույն ջանքերի, ինչպես նաև քաղաքական ընդդիմությունների՝ երբեմն ապակառուցողական գործնեության արդյունքում, հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում մենք ականատես ենք լինում քաղաքական կուսակցությունների նկատմամբ հանրային անվստահության շարունակական աճին և անգամ «կուսակցություն» երևույթի նկատմամբ երբեմն ակնբախ բացասական վերաբերմունքի: Սա կատարվում է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, որոնց թվում կարող ենք առանձնացնել իշխանականան քարոզչամեքենայի «նպատակասլաց» մանիպուլյացիան և իհարկե, քաղաքական կուսակցություններիˋ այդ թվում և իշխանական կուսակցությունների, հաճախ հանրային տրամադրությունների հետ կապ չունեցող գործունեությունը: Թերևս նաև այս հանգամանքն է պատճառ դառնում, որ ներկայումս հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում ընթացող վերախմբավորումներում շեշտն առավելապես դրվում է քաղաքացիական ասպեկտի վրա:
Քաղաքացիական մոտիվացիայով խմբավորման ձևավորման վառ օրինակ էր Նախախորհրդարանի գործունեությունը, որն իր առաջին քայլերն սկսելուն պես շեշտեց, որ նպատակ չունի մասնակցել ընտրությունների և որ իրենք կուսակցություն չեն: Շեշտենք, որ չի քննարկվում Նախախորհրդարանի կամ որևէ այլ խմբավորման գործունեւոթյան իրական և երևացող շարժառիթները, այլ խոսքը միայն նախաձեռնության հանրային ներկայացման մասին է: Զերծ մնալով որևէ համեմատությունից, հարկ է նշել նաև, որ վերջերս մեկնարկած «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունը նույնպես որոշակի զգուշություն է պահպանում, երբ հարցը վերաբերում է նախաձեռնության՝ կուսակցություն դառնալուն:
Սակայն, ի տարբերություն Նախախորհրդարանի, Քաղաքացիական պայմանագիրը հանդես չի գալիս կտրուկ ձևակերպումներով և չի բացառում քաղաքական կուսակցության վերածվելը, ինչը նաև օբյեկտիվորեն տրամաբանական է, քանի որ զուտ տեխնիկական առումով ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս մասնակցել համապետական ընտրություններին միայն կուսակցությունների ձևաչափով, իսկ ընտրություններին մասնակցությունը Քաղաքացիական պայմանագիրը նույնպես չի բացառում: Այս տեսանկյունից կարող ենք ասել, որ վերջինիս նման պահվածքը ինքնին ճկունության դրսևորում է, ինչը ներկայիս հայաստանյան քաղաքական դաշտի բավական հեղհեղուկ կարգավիճակում ցանկացած քաղաքական խմբի կենսունակության գրավականն է:
Մյուս կողմից պետք է նշել, որ որոշակիորեն հեռավորություն պահպանելով «կուսակցություն» եզրույթից, նախաձեռնությունը, հնարավոր է, հանդիպի մի շարք խնդիրների, որոնց լուծումը կարող է հրամայական դառնալ: Գաղտնիք չէ, որ հանրային գիտակցության մեջ «քաղաքացիական», «քաղաքացիական հասարակություն» ձևակերպումները լիովին ընկալելի չեն: Ակնհայտ է, որ այստեղ մեծ գործ կա անելու զուտ տեխնիկական առումով՝ հանրային իրազեկման և մեկնաբանության համար: Ի վերջո , եթե չհաշվենք հասարակական ակտիվ խմբերին և մասնագետներին, հանրային առավել լայն շերտերի համար այնքան էլ պարզ չէ, թե որն է տարբերությունը «քաղաքականի» և «քաղաքացիականի», «կուսակցության» ու «քաղաքացիական նախաձեռնության», «քաղաքական» ու «քաղաքացիական պայքարի» միջև: Բացի այս, հայաստանյան առկա ավտորիտար շեշտադրումներով համակարգի պայմաններում, գրեթե բոլոր քաղաքացիական նախաձեռնություններն, ի վերջո, քաղաքականացվում են: Սա տրամաբանական զարգացում է, որը շատ անգամ կախված չէ անգամ նախաձեռնող խմբի ցանկությունից:
Հ. Գ. 1960-70-ականների խորհրդային այլախոհները մշտապես հերքել են իրենց գործունեության քաղաքական բնույթը, սակայն անկախ դրանից, նրանց վարքագիծը և քայլերը տեղավորվում էին միայն համակարգի դեմ քաղաքական պայքարի շրջանակներում: