Գյումրու Սեւ բերդի տարածքում իրականացվող շինարարությունը դադարեցված է: Հուշարձանում կատարվող աշխատանքները մասնագետները որակել են անօրինական, քանի որ խախտվել են «Պատմության ու մշակույթի, անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի պահանջները: Բացի այդ, հուշարձանների նորոգումն ու վերականգնումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով: Այս ամենից բացի, ըստ մշակութաբան Ավետիք Մելիք-Սարգսյանի, նմատատիպ աշխատանքների նախագծային առաջադրանքներն ու նախագծերը ներկայացվում են լիազորված մարմնի՝ մշակույթի նախարարության հետ: Այս ամենը Սեւ բերդի սեփականատիրոջ կողմից, ըստ մասնագետների, նախօրոք հաշվի չի առնվել, թույլ են տրվել լուրջ խախտումներ: Ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանն իր հերթին նշել է, որ թեեւ բերդն ունի սեփականատեր, այնուամենայնիվ դրա վերակառուցումը դրվելու էր հանրային քննարկման, քանի որ այն իրենից ներկայացնում է պատմամշակութային արժեք եւ ներկայացնում է Գյումրին: Հիշեցնենք, որ Սեւ բերդի սեփականատեր հանդիսանում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով 2012 թվականի նոյեմբերին մշակութային կառույցը ձեռք է բերել սեփականության իրավունքով: