Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը Araratnews.ам-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ իրենք հանձնախումբ են ուղարկել Զեյթունի Ռուբինյանց փողոցի բարձրահարկ շենքերից մեկում վերելակի վայր ընկնելու դեպքի հետ կապված` ուսումնասիրման աշխատանքներ կատարելու համար:
«Մենք էլ ենք անհանգստացած այդ դեպքով եւ անմիջապես հանձնախումբ ենք ուղարկել: Այնտեղ են եւ համատիրության աշխատողները, եւ մեր վարչության աշխատակիցը, որպեսզի տեղում հասկանան, թե որն է խնդիրը, ինչպես է եղել դեպքը: Այժմ աշխատանքներ են ընթանում»,-ասում է Ղազարյանը:
Վարչության պետը նշում է, որ քաղաքացին, ով վերելակի մեջ է եղել, այժմ տանն է եւ նրա հետ նույնպես աշխատակիցները հանդիպել են:
«Ինձ հեռախոսով ասեցին, որ դեպքը այնպես չի եղել, ինչպես մամուլում են գրել: Ճոպանը ինքն իրեն չի պոկվել, այլ շոր են գցել վերեւից ու փաթաթվել է ճոպանի վրա: Որ սպասենք մի քանի ժամից աշխատանքները ավարտվեն, արդեն հասկանալի կլինի ինչպես է եղել»,- հավելում է Ղազարյանը:
Նշենք, որ Lragir.am կայքն այսօր գրել էր, որ նոյեմբերի 11-ի ցերեկվա ժամերին Զեյթունի Ռուբինյանց փողոցում, Ալմաստ գործարանի դիմացի բարձրահարկ շենքի վերելակի ճոպանը կտրվել է, և վերելակն ընկել է հորը: Ներսում եղել է ութերորդ հարկի բնակիչը, ով բարեբախտաբար լուրջ մարմնական վնասվածք չի ստացել և նույն օրը դուրս է գրվել հիվանդանոցից: Ընկնելիս վերելակը բախվել է հորի պատերին` թուլացնելով հարվածի ուժը:
ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից էլ Araratnews.am-ին տեղեկացրին, որ իրենք այդ դեպքի առնչությամբ ահազանգ չեն ստացել ոչ քաղաքացիներից, ոչ հիվանդանոցից:
Լիլիթ Առաքելյան