Ամանորի տոներից առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադառնալով երկրի տնտեսությանը, սենսացիոն հայտարարություն արեց, որում խիստ քննադատության ենթարկեց վարչապետ Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականությանը:
«Ամեն ինչ ավելի քան պարզ է ու հասկանալի (բայց ոչ մի քանի հատուկ «շնորհալիների» համար): Եվ սրա մեղավորը նախորդ կառավարությունը չէ և ոչ էլ հաստատ՝ ինչ-որ այլմոլորակայիններ: Ճգնաժամն էլ արդեն վաղուց կապ չունի: Այնպես որ պատասխանատվությունից այստեղ հնարավոր չէ խուսափել: Եթե վարչապետը սա չի հասկանում, ուրեմն նա բանականության դեգրադացիա է ապրել: Եթե հասկանալով է ստում ու խուսանավում՝ փորձելով մեղքը գցել Անդրանիկ Մարգարյանի կառավարության և ինձ վրա, ուրեմն դա բարոյականության դեգրադացիա է: Հավանաբար, գործ ունենք բանականության և բարոյական դեգրադացիայի լիարժեք համադրության հետ: Ամեն դեպքում, թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար»,-ասել էր Ռոբերտ Քոչարյանը:
Այս հայտարարությունը հետաքրքիր է դիտարկել ներքաղաքական իրավիճակի ֆոնին: Ռոբերտ Քոչարյանն իր այս հայտարարությամբ վկայեց, որ ԲՀԿ-ի հետ գտնվում են միևնույն դաշտում և իրենց շահերը այս հարցում համընկնում են: Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը կարծես վկայում է նոր քաղաքական «դաշինքի» ծնունդի մասին, որի մեջ մտնում են ՀԱԿ-ը և ԲՀԿ-նˋ Ռոբերտ Քոչարյանի հրամանատարությամբ: Որքան էլ զարմանալի է, սակայն, տրամաբանորեն, ՀԱԿ-ը ևս մտնում է այս դաշինքի կազմի մեջ, քանի որ ԱԺ տարեվերջյան նիստի ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք նախաձեռնելու են վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցը: Որքան էլ, որ ՀԱԿ-ի և Ռոբերտ Քոչարյանի միջև տարաձայնություններ լինենˋ իրավիճակը փոխում է այն հանգամանքը, որ նրանք ընդհանուր նպատակ ունեն, և այդ նպատակին նրանք կարող են հասնել միասնաբար, այս դեպքում տարաձայնություները կարելի է մի կողմ թողնել: Իսկ այս դաշինքը, ամենայն հավանականությամբ, կղեկավարի Ռոբերտ Քոչարյանը, քանի որ ինչպես նկատել էր Լևոն Տեր-Պետրոսյանը, ինքն արդեն 68 տարեկան է և չի հավակնում երկիրը ղեկավարելու պաշտոնին: Սրանով կարելի է փաստել, որ ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ, և պետք է սպասել նոր զարգացումների, իսկ Ռոբերտ Քոչարյանը, ընդդիմադիր որոշ ուժերի համար այլևս յուրային է ու նրա վերադարձի դեմ պայքարել այլևս պետք չէ:
Արման Սահյան