Մեր փրկարարները չեն զիջում առաջադեմ պետությունների փրկարարներին: ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ շնորհավորելով փրկարարներին՝ ասաց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Ցոլակյանը շեշտեց՝ փրկարարի աշխատանքն առաքելություն է: Նա ընդգծեց՝ քիչ բան չի արվել համակարգի համար, զրոյական կետից ստեղծվել է կառույց, որն ունակ է օգնություն ցուցաբերել ոչ միայն մեզ, այլև վտանգի ու դժվարության մեջ գտնվող հարևան ժողովրդին:
«Այս տարի եղան բարդ հրդեհներ, որոնց հետևանքները կարող էին ճակատագրական լինել: Քանակն ու մասշտաբներն այնքան մեծ էին, որ ներգրավվել էր նաև կենտրոնական ապարատը: Գուցե զավեշտալի թվա, բայց հանդիսավոր շքերթի նախապատրաստական աշխատանքների համար փրկարար չէինք կարողանում գտնել, որ փորձերին մասնակցեն, բոլորը հրդեհաշիջման էին մասնակցում»:
Ցոլակյանի գնահատմամբ՝ փրկարարներն այսօր պատվով են կատարում իրենց առջև դրված խնդիրը:
«Փրկարարը հերոս է, իր հայրենիքի ու ժողովրդի հերոս-զինվորը, ով օր ու գիշեր կռիվ է տալիս հրդեհի, երկրաշարժի ու սողանքի դեմ, սահմանից այս կողմ ապահովում է իր քաղաքացու անվտանգությունը»,- նշեց նախարարը: