տուն Աշխարհ Փոփոխություններ՝ շենգենյան վիզայի ստացման կարգում. նոր կանոնները գործում են փետրվարի 2-ից

Փոփոխություններ՝ շենգենյան վիզայի ստացման կարգում. նոր կանոնները գործում են փետրվարի 2-ից

229
0

Դեպի Եվրամիության երկրներ կարճաժամկետ մուտքի նոր կանոններ են գործում փետրվարի 2-ից: Կանոնների փոփոխությունը վերաբերում է բոլոր այն երկրների քաղաքացիներին, որոնք պետք է ունենան վիզա՝ ԵՄ երկրներ մուտք գործելու համար:

Փոփոխությունները վերաբերում են Շենգեն գոտու 22 պետություններին՝ Ավստրիային, Բելգիային, Չեխիային, Դանիային, Էստոնիային, Ֆինլանդիային, Ֆրանսիային, Գերմանիային, Հունաստանին, Հունգարիային, Իտալիային, Լատվիային, Լիտվային, Լյուքսեմբուրգին, Մալթային, Նիդերլանդներին, Լեհաստանին, Պորտուգալիային, Սլովակիային, Սլովենիային, Իսպանիային, Շվեդիային, ինչպես նաև Իսլանդիային, Լիխտեյնշտեյնին, Նորվեգիային և Շվեյցարիային:

ԻՆչպես հաղորդում է armtimes.com-ը, ԵՄ կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ԵՄ անդամ բոլոր երկրների դեսպանատները եւհյուպատոսությունները վիզաների դիմումները կդիտարկեն նոր կարգով, որը ներառում է նաև վիզայի տրամադրման գումարի 33 % աճ։  Բոլոր այն դիմումատուները, որոնք վիզայի ստացման համար նախկինում վճարել են 60 եվրո, այսուհետ կվճարեն 80 եվրո,  6-12 տարեկան երեխաների վիզան նախկին 35 եվրոյի փոխարեն կարժենա 40 եվրո։

Հիշեցնենք, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը կիրակի օրը հայտնել էր, որ չնայած այս փոփոխություններին, Հայաստանն այն երկրների ցանկում է, որոնց չի վերաբերում վիզայի գնի բարձրացումը։ Եվրամիության անդամ երկրների դեսպանատներից մուտքի վիզա ստանալու համար Հայաստանի քաղաքացիները կշարունակեն վճարել 35 եվրո։

Վերը նշված երկրներից յուրաքանչյուրի կողմից տրված մեկ միասնական կարճաժամկետ վիզան վավեր է Շենգենյան բոլոր 26 երկրներում ճանապարհորդությունների համար՝ մինչև 90 օր:

Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ վիզայի դիմումները կարող են ներկայացվել ծրագրված ճամփորդությունից մինչև վեց ամիս շուտ, ավելի հեշտ է ստանալ երկարաժամկետ մուլտիվիզա, ինչը հաճախ ճամփորդողների համար ժամանակի և ֆինանսների տնտեսման հնարավորություն է, որովհետև այդ դեպքում ստիպված չեն լինում դիմել մի քանի անգամ:

Անփոփոխ է մնացել դիմումների ուսումնասիրման ժամկետը՝ 15 օր։

Վիզաների դրական պատմություն ունեցող անձինք կարող են ստանալ բազմակի մուտքի վիզա, որի վավերականության ժամկետը մեկ տարվանից աստիճանաբար կբարձրանա՝ հասնելով 5 տարվա։

Վիզայի դիմումատուները մնացած փաստաթղթերի հետ միասին պետք է ներկայացնեն նաև գործող առողջական ապահովագրություն։

ԵՄ անդամ պետությունը կարող է նաև բողոք ներկայացնել Հանձնաժողով, եթե խնդիր ունի անօրինական միգրանտ քաղաքացիության երկրի հետ՝ նրան վերադարձնելու հարցում։ Հանձնաժողովը պետք է գնահատի բողոք-ծանուցումը մեկ ամսվա ընթացքում: