Վլադիվոստոկի դատարանը Ուզբեկստանի քաղաքացի Շաիրա Ուլաշովայի համար Ռուսաստանից բռնի վտարման որոշում է ընդունել։ Ի դեպ, դատավարության ընթացքում նա հայտարարել է, որ վատ է զգում, եւ կնոջը շտապ օգնության մեքենայով տարել են անմիջապես դատարանի դահլիճից,- հաղորդում է Ինտերֆաքսը։
Այժմ Ուզբեկստանի քաղաքացին իր երեխայի հետ գտնվում է հիվանդանոցում, եւ հայտնի չէ, թե որքան դեռ կմնան այնտեղ։
Երեկ Վլադիվոստոկի լենինյան դատարանը նրան մեղավոր է ճանաչել ադմինիստրատիվ իրավախախտումներ կատարելու մեջ եւ որոշում ընդունեց՝ նրան Ռուսաստանից բռնի տեղահանելու, ինչպես նաեւ տուգանեց 3 հազար ռուբլով։
Ուզբեկ կնոջ հետ կապված դեպքը (հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին կինը ծննդաբերել էր հենց հիվանդանոցի դռան առաջ, քանի որ բժիշկները հրաժարվել էին նրան ընդունել ) հասարակական ռեզոնանս առաջացրեց։ Մի քանի օր անց, ինչպես տեղեկացնում են տեղական աղբյուրները, անօրեն ներգաղթյալը փախել է հիվանդանոցից, որպեսզի նրան չբռնեն դաշնային միգրացիոն ծառայության աշխատակիցները։
Ինչպես պարզվել է, նա ՌԴ տարածքում է 2011 թվականից, բայց իր 90-օրյա օրինական ժամկետի լրանալուց հետո, նա դուրս չի եկել երկրից, դրանով իսկ խախտելով ներգաղթյալների մասին օրենքը։ Այդ ընթացքում կինը արդեն ծննդաբերել էր Ռուսաստանում, եւ այս երեխան նրա երրորդն էր։ Եվ, իրականում վատացել էր ոչ թե նրա, այլ երեխայի առողջական վիճակը։ Իսկ բուժման ծախսերը իր վրա է վերցնելու տեղի ուզբեկական համայնքը, այնուհետեւ տոմս կգնեն եւ կնոջը երեխայի հետ կուղարկեն Ուզբեկստան։
Հավանական է, որ, երբ երեխան դուրս գրվի հիվանդանոցից, դատարանը նորից քննելու է այդ հարցը, եւ բացի այդ Ուլաշովան 10 օր ժամանակ ունի՝ բողոքարկելու այդ կամ հաջորդ որոշումը։