տուն Լուրեր Փողոցային բառապաշարի արմատները գալիս են ԶԼՄ-ներից եւ որոշ պետական այրերից. այսօր Մայրենի...

Փողոցային բառապաշարի արմատները գալիս են ԶԼՄ-ներից եւ որոշ պետական այրերից. այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է

127
0

tuition-anahit-Bakhshyan_0

Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է: «Ժառանգություն» խմբացության անդամ Անահիտ Բախշյանը շնորհավորում է ամբողջ հայ հասարակությանը մայրենի լեզվի տոնի կապակցությամբ եւ նշում, որ պետականորեն նշվող տոնի նպատակն է մեր պետության մեջ միշտ հաստատուն պահել մայրենիի դերը եւ երիտասարդության մեջ ավելի ընկալելի դարձնել մայրենիի նկատմամբ կարեւորությունը, հավատը եւ նրա գեղեցկությունը:

«Մարդ պետք է հասկանա, եթե մայրենինˋ որպես իր մտքերը արտահայտելու միջոց, մաքուր չօգտագործի, ինքը շատ դժվարությամբ կտիրանա այլ մշակույթներին»,-ասում է Անահիտ Բախշյանը Araratnews.am-ի հետ զրույցում:

Նա կարծում է, որ մայրենի լեզվի պահպանման գործում շատ շատ անելիքներ ունեն կրթության ոլորտի մասնագետները:

«Երբեմն շտեմարաններում պահանջներ կան, որոնք լեզվի ճկնունությանն ու հարստությանը չեն նպաստում»,-ասում է Բախշյանը:

Այն հարցին, թե որտեղից է գալիս հասարակության մեջ ժարգոնով, օտարալեզու բառերով խոսելու սովորությունը, տիկին Բախշյանը պատասխանեց, որ արմատները գալիս են ԶԼՄ-ներից, հեռուստատեսային հաղորդումներից եւ որոշ պետական այրերի «շատ վատ հայերենին» տիրապետելուց:

«Հեռուստացույցով որպես պետական այր, պաշտոնյաները կիրառում են ոչ  պատշաճ հայերենը, դա տպավորվում է երեխաների մեջ: Էլ չեմ ասում երբեմն հեռուստատեսությամբ այնպիսի հաղորդումներ են դնում, որտեղ օգտագործվող փողոցային բառապաշարը անմիջապես մտնում է դասարան: Երեխաները ընդօրինակում են տգեղ հայերենը, իսկ դրանով լեցուն է մեր հեռուստատեսությունը»,-նշում է Բախշյանը:

Նա հավելում է, որ հումորային հաղորդումներն այնպիսի խեղաթյուրված հայերեն են ներկայացնում, որ եթե մեր լեզուն կենդանություն առներ, շատ մեծ բողոք կներկայացներ մեզ բոլորիս: