տուն Քաղաքական Փեսայի հրաժարականից հետո Մանուկյանը կհեռանա՞. պարզաբանում է ՀԽ-ն

Փեսայի հրաժարականից հետո Մանուկյանը կհեռանա՞. պարզաբանում է ՀԽ-ն

547
0

Այսօր մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը շուտով ազատման դիմում կներկայացնի, և պատճառը ընդդիմադիր հայացքներն են։ Մեր աղբյուրների համաձայն՝ հրաժարականը կարող է կապված լինել Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարի՝ Սարհատ Պետրոսյանի հրաժարականի հետ, որը Վազգեն Մանուկյանի փեսան է։

Araratnews.am-ը փորձեց Վազգեն Մանուկյանից պարզել՝ ճիշտ են արդյոք հրաժարականի մասին օդում կախված լուրերը։

Հանրային խորհրդի մամուլի խոսնակ Անի Գասպարյանը նշեց, որ Մանուկյանն անհեթեթ է համարում այդ լուրերը։

«Վազգեն Մանուկյանը հերքում է հրաժարականի մասին լուրերը։ Նման որոշում չկա»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե հրաժարականի մասին լուրերը հատկապես ակտիվացան Վազգեն Մանուկյանի փեսայի հրաժարականից հետո, խոսնակն արձագանքեց․ «Մարդիկ կարող են տարբեր լեգենդներ հյուսել, ենթադրություններ անել, հորինել։ Ուղղակի նման որոշում չկա»։

Իսկ մի՞թե Մանուկյանին չեն խանգարում իր ընդդիմադիր հայացքները այս իշխանությունների հետ աշխատելիս․ «Ինչո՞ւ պետք է համընկնեն հայացքները։ Այն ժամանակ էլ չէին համընկնում։ Հանրային խորհուրդը նրա համար չէ, որ իշխանությունների հետ անընդհատ համամիտ լինի։ Ինչ վերաբերում է Մանուկյանի անձնական տեսակետին, ապա նա դրանք հայտնում է ոչ թե որպես Հանրային խորհրդի նախագահ, այլ որպես Վազգեն Մանուկյան։ Մանուկյանը շեշտում է, որ դա բացառապես իր անհատական կարծիքն է։ Պետք չէ Հանրային խորհրդի հետ կապել պարոն Մանուկյանի անձնական տեսակետները»,- եզրափակեց Գասպարյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here