«Չկա նման քրեական գործ, որը քննիչը կիսատ թողնի և գնա արձակուրդ»,- ասաց Վ.Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը` «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով վթարի քննության գործում նոր քննիչ ներգրավելու որոշումը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի փաստով հարուցված քրեական գործը փոխանցվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: Նույն աղբյուրի համաձայն` գործը քննելու է այդ բաժնի ավագ քննիչ, ոստիկանության մայոր Դավիթ Մարտիրոսյանը:
«Փաստինֆո»-ի հարցին, թե որքանո՞վ է այս փոփոխությունը կապված իր բողոքների հետ, փաստաբանն այսպես պատասխանեց. «Սա ամբիցիաների հարց է, քննիչին չեն հեռացնում, բայց արձակուրդ են տալիս, բացարկս չեն բավարարում, արձակուրդ են տալիս, սա նշանակում է, որ եթե ամբիցիաներով ենք առաջնորդվում, ապա մեր պետությունը լուրջ խնդիրներ ունի»:
Ի դեպ, արձակուրդ գնացած քննիչի հարցով արդեն շուրջ 2 շաբաթ զբաղվում է նաև Հատուկ քննչական ծառայությունը: ՈՒ թեև գործի հարուցման կամ մերժման համար օրենքով նախատեսված ժամկետն արդեն ավարտվել է, բայց ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ այս գործի վերաբերյալ առայժմ որևէ նորություն չկա:
Մինչդեռ, Վ.Պետրոսյանի փաստաբանը կարծիք հայտնեց, որ գործն ամենայն հավանականությամբ արդեն հարուցվել է, բայց չի հրապարակվում:
«Ժամկետներն ավարտվել են, բայց դեռևս մարդիկ են հրավիրվում` հարցաքննության համար»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՔԾ՝ քննիչի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման հարցով, ինչից հետո այս պետական մարմինն սկսել էր նյութեր նախապատրաստել:
Մանրամասները` Փաստինֆո — ում: