Համացանցային ժամանակաշրջանում տեղեկատվաստեղծ՝ այսպես կոչված newsmaker-ի գործառույթներ շատ հաճախ ունենում են ոչ միայն զանգվածային լրատվամիջոցները, մեդիառեսուրսները, այլ նաև կոնկրետ մարդիկ՝ անկախ իրենց մասնագիտությունից ու կարգավիճակից, իսկ երբեմն՝ հենց այդ առանձնահատկություններով պայմանավորված:
Եվ այսպես, փորձենք համադրել ու հանրագումարի բերել, թե ովքեր են այն պայմանական գործիչները, հանրային մարդիկ, որոնք համարվում են newsmaker-ներ հայոց իրականության մեջ, և որոնց ցանկացած ելույթ, գրառում, հայտարարություն դառնում է թոփ-նյուզ՝ ունենալով սկզբնաղբյուրային նշանակություն:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ – Աներկբա է, որ Հայաստանի վարչապետը հեղափոխության հենց ակունքներից նվաճեց և մինչև հիմա չի զիջում գլխավոր newsmaker-ի տիտղոսը: Կառավարության ղեկավարի ֆեյսբուքյան ուղիղ միացումները, գրառումները, հանրային ելույթները, տարբեր հանգամանքներում արված հայտարարությունները միանգամից արժանանում են լայն հասարակության ուշադրությանը՝ գրանցելով ռեկորդային դիտելիություն, սահմանելով քննարկման աննախադեպ աշխարհագրություն և մասշտաբներ: Քաղաքական ու ընդհանրական համապատկերում Նիկոլ Փաշինյանի առավելությունը այս ցուցանիշով այնքան ակնհայտ է, որ նույնիսկ դժվար է մտաբերել ու հիշատակել երկրորդ, երրորդ և հաջորդող հորիզոնականներում որևէ այլ գործչի անուն. վարչապետն առաջատարն է:
Արսեն Թորոսյան, ՀՀ առողջապահության նախարար – Քաղաքական էլիտայի այս խարիզմատիկ ներկայացուցիչը բավարարում է newsmaker-ի բոլոր դասական չափանիշներին: Հակածխախոտային օրենքի նախաձեռնությունից մինչև հրապարակային քննադատություն, անզիջում ու սկզբունքային գործելաոճից մինչև համարձակ ձեռնարկներ. ահա սրանք են Արսեն Թորոսյանին օժտում տեղեկատվաստեղծ գործչի հատկություններով: Առողջապահության նախարարը newsmaker-ի առողջ մրցակցության մեջ իր տարբերվող ու հիմնական տեղն, անշուշտ, ունի:
Գագիկ Սուրենյան, օդերևութաբան – Գագիկը որոշակի գերիշխանություն և պատկառելի կայուն լսարան ունի newsmaker-ի կոչմանը հավակնողների շարքում: Ճիշտ է, նրա վկայակոչած տվյալները, կանխատեսումները համակարգային ու մասնագիտական հենք ունեն, այդուհանդերձ, հանրությունը առանձնակի հավատով է վերաբերվում նրա հայտնած եղանակային կանխատեսումներին: Ավելին, մարդկանց որոշակի շրջանակ հավատացած է, որ Սուրենյանի ասածն առավել արժանահավատ է, քան տեխնիկական որևէ սարքի արձանագրած տվյալ:
Գագիկ Շամշյան, ֆոտոլրագրող – Հետաքրքրասեր հայության համար նրա օպերատիվ տեղեկությունները լիովին հագեցնում են ընթերցողների մեծ բանակի ինֆորմացիոն պահանջարկը: Քրեական պատմություններից մինչև արտառոց միջադեպեր՝ համեմված գագիկշամշյանական ուրույն բառամթերքով, վաղուց դարձել են լայն հանրության տեղեկատվական սկզբնաղբյուրներից մեկը՝ նման նշանակություն ձեռք բերելով նաև զանգվածային բազում լրատվամիջոցների համար: Այս բնագավառում անվերապահորեն կարելի է ասել, որ Գագիկ Շամշյանն ունի գերիշխող դիրք և ժանրային մենաշնորհ:
Արա Ալոյան