ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ հանդիպում է զոհված զինծառայողների մայրերի հետ:
Զոհված զինվորների մայրերը բողոքում են, թե ինչու «Մարտի 1»-ի զոհերի ընտանիքներին 30 մլն է հատկացվել, իսկ իրենց՝ ոչ։
Փաշինյանը նշեց, որ ՄԻԵԴ-ն է որոշել, որ Հայաստանի Կառավարությունը պետք է վճարի այդ գումարները․ «Եվ քանի որ ՀՀ-ում քաղաքական փոփոխություն է եղել, կարծում ենք՝ ճիշտ կլինի, որ ՀՀ Կառավարությունն էլ ընդունի խնդիրը, որ չստացվի Կառավարությունը նախկինում էլ, ներկայում էլ չէր հարգում քաղաքացու կյանքը»,- բացատրեց վարչապետը։
Վարչապետի խոսքով՝ ինքը հանձնարարել է, որ անգամ վթարից զոհված զինվորների ընտանիքները համարվեն ծրագրի շահառու։
«Երբ 2018-ին դարձա վարչապետ, ՀՀ զինծառայողների պաշտպանության հիմնադրամը վճարում էր 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար։ Առաջին որոշումներից մեկը, որ կայացրինք, այդ հիմնադրամի գործունեության ժամկետը երկու տարով տարանք հետ, այսինքն՝ սկսեց վճարվել 2014 թվականից»,- հայտարարեց վարչապետը։
Նա նշեց, թե այդ որոշումը կայացնելուց մեկ ամիս անց, Եռաբլուրում իրեն են մոտեցել զոհված զինծառայողների մի քանի մայր՝ ասելով, թե վիրավորված են վարչապետից։ Նրանք վարչապետին ասել են, թե իրենց երեխաներն ավելի վաղ են զոհվել։
«Ես իրենց ասացի, որ Կառավարությունը քայլ է անում և այդ ուղղությամբ է գնում։ Դրանից ընդամենը յոթ ամիս անց այդ նույն 1000 դրամների հետ կապված որոշում կայացվեց, որ սկսել ենք վճարել 2008 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ ընդամենը 1 տարվա մեջ վճարման դեպքերը 9 տարով հետ են տարել։
Վարչապետի խոսքով՝ 1000 դրամները պետք է վճարելով հասնի մինչև 90-ականների դեպքերը․ «Մեզ հնարավորություն տվեք, որ մեր հարցերը հերթով լուծենք։ Ես որպես վարչապետ ամաչում եմ, որ հիմա այսպիսի հարց է բարձրացել, որովհետև համարում եմ, որ այս հարցը պետք է վաղուց լուծված լինի»։