Վերջին շրջանում ակտիվ քննարկումներ են ընթանում դպրոցներում և ԲՈՒՀ-երում բնագիտական առարկաների ուսուցման հնարավոր կասեցման կամ սահմանափակումների շուրջ: Թեման մեծ աղմուկ է հանել և դարձել քննադատությունների լուրջ պատճառ: Խնդրո առարկային անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախօրեին՝ նոյեմբերի 4–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:
«Զրույց քաղաքացու հետ. հայ ժողովրդի միասնական պատմության մասին» խորագրով ֆեյսբուքյան ուղիղ եթերում Փաշինյանը մասնավորապես խոսել է դպրոցական դասագրքերից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելու մասին։
«Հիմա դպրոցներում դասավանդվում են «Հայ ժողովրդի պատմություն» և «Հայ եկեղեցու պատմություն» առարկաները։ Այս պատկերն ի՞նչ է նշանակում։ Նշանակում է, որ այս երկու առարկաներն իրարից տարանջատ ինչ-որ երևույթներ են, և արդյոք այդ երկու առարկաները տարանջատ ենք դասավանդում, արդյոք դրանով որոշակի վիզուալ և հոգեբանական պատկեր չենք ստեղծում, որ, այնուամենայնիվ, հայ ժողովրդի և հայ եկեղեցու միջև կա որոշակի անջրպետ և հայ ժողովրդի պատմությունը տարբերվում է հայ եկեղեցու պատմությունից»,- ասել է նա ուղիղ եթերի ժամանակ։
Վարչապետի համոզմամբ, այս 2 առարկաների տարանջատումը մեզ խանգարում է ընկալել մեր ժողովրդի պատմությունն ամբողջության մեջ։
«Հայ ժողովրդի պատմությունը բաղկացած է հայ եկեղեցու պատմությունից, հայոց պետականության պատմությունից, հայ մշակույթի, գիտության պատմությունից։ Մենք պետք է առաջ գնանք, պետք է մեր միասնական պատմությունն ունենանք։ Սա չի նշանակում, որ դպրոցներում պետք է մի հատ հայ գրականություն դասավանդվի մի հատ էլ Հայ առաքելական եկեղեցու պատմության կողմից ստեղված գրականություն, դա ճիշտ չէ»,-ընդգծել է Փաշինյանը։