տուն Քաղաքական Հայաստան Փաշինյանը՝ կադրային ջարդի մասին

Փաշինյանը՝ կադրային ջարդի մասին

472
0

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Լիլիթ Մակունցի հնչեցրած՝ պետական սեկտորում աշխատողներին վերաբերող հարցին:

«Այն, որ պետական համակարգի շատ մեծ տոկոսը շարունակում է մնալ իր տեղում, դա նույնպես հեղափոխության ժամանակ տված իմ խոստման շրջանակում է, որ կադրային ջարդ չի լինելու, և այդ խոստումը ես տվել եմ շատ ավելի առաջ, քան որևէ մեկը լրջորեն կմտածեր, որ ես ստանձնելու եմ ՀՀ վարչապետի պաշտոնը: Իսկ ես իմ տված խոսումները շատ կարևոր եմ համարում: Արդյոք, ասելով, որ կադրային ջարդ չի լինելու, նկատի ենք ունեցել, որ պետական համակարգը պետք է մնա նույնը՝ ոչ, մենք դա նկատի չենք ունեցել, բայց չենք էլ նկատի ունեցել, որ պետական կառավարման համակարգում եղած այս, այս, այս, այս մարդուն պետք է փոխարինեն այս, այս, այս, այս մարդիկ. հին կադրերին՝ նոր կադրեր: Ես ի սկզբանե համարել եմ, որ դա սխալ մոտեցում է, որովհետև, ցավոք սրտի, պետք է նաև խոստովանեմ, որ շատ չէ՝ առնվազն մի քանի նոր կադրեր մի քանի օրվա ընթացքում ապացուցել են, որ իրենք կարող են մտնել կաբինետ և իրենց դնել իրենց նախորդի տեղը: Եվ նույնիսկ շատ արագ ես ստիպված եմ եղել իմ նշանակած մարդկանցից շատ արագ ազատել աշխատանքից՝ ամենամերձավոր թիմի ներկայացուցիչներին: Ցավոք սրտի, մենք ունեցել ենք նաև դեպք, երբ որ առնվազն հիմնարար կասկածներ կան, դատարանը և դատավճիռը ցույց կտա, որ նոր կադրերը ներգրավված են եղել կոռուպցիոն գործարքների մեջ: Իմ ընկալածն այն է եղել, որ ոչ թե այս մարդուն պետք է փոխարինի այն մարդը, իմ ընկալածն այն է եղել, և դա մեր հեղափոխության գաղափարն է, որ փոփոխությունները պետք է տեղի ունենան մեր ներսում՝ մեզանից յուրաքանչյուրի ներսում: Բոլորիս ներսում պետք է տեղի ունենան փոփոխություններ, որի արդյունքում մենք կունենանք հանրային համաձայնություն: Հիմա, բնականաբար հարց կհնչի՝ ինչպե՞ս է դա հնարավոր. ընդհանրապես հնարավոր է, որ էն մարդը, որը տասը տարի աշխատել է պետական կառավարման կոռումպացված համակարգում՝ փոխվի ու վերափոխվի: Նույն հարցը հնչում էր հեղափոխությունից առաջ. ասում են՝ ոնց է հնարավոր, որ այն քաղաքացին, որ 15-20 տարի ընտրակաշառք է վերցրել, գնացել քվեարկել և լռել, ո՞նց կարա էդ մարդը փոխվի, բայց այդ փոփոխությունը տեղի ունեցավ և այդ փոփոխության շնորհիվ էր, որ հեղափոխությունը տեղի ունեցավ: Եվ մեր ընկալումը հենց այդպիսին է, որ սա գաղափարական հարց է, սա անուն-ազգանունով մարդկանց հարց չի: Որովհետև, էլի եմ ասում. մենք ունենք հին կադրեր, որոնք էս ընթացքում ցույց են տվել, որ կարող են փոխվել: Եվ մենք ունենք նոր կադրեր, որոնք, ցավոք սրտի, էս ընթացքում ապացուցել են, որ իրենց երազածը հների տեղում հայտնվելն է»,- ի պատասխան նշեց Փաշինյանը:

Օլյա Շահինյան