Ինքս 30 տարի ապրել եմ կենտրոնում, սակայն այդ շուկայից հազվագյուտ ենք օգտվել: Շատ թանկ շուկա է եղել բոլոր ժամանակներում:
Ասացի՝ ինքս տեսնեմ՝ ինչ են արել վհուկները:
Դրսից մուտքը չէր ձևափոխված, ավելին` զարդանախշերը ներկված էին: Մտա ներս: Աջ կողմում գյուղմթերքներ էին վաճառում: Կենտրոնում դեպի վեր էին բարձրանում նոր կառուցված շարժասանդուղքները: Հայացքս ընկավ կամարներին, որոնց շարքը շարժասանդուղքների մոտ ընդհատվեց: Կամարների շարքը կտրված էր:
Ինձ թվաց, թե օդը կանգ առավ: Վեր սլացող կամարների շունչը այդտեղ ընդհատվեց:
Իսկ դրանց տակ… Տակը դարձրել են հասարակ Սիթի` բազմաթիվ դրամարկղերով, սայլակներով: Ձախ կողմում՝ «Նատալի ֆարմ» երկու դեղատունն էին կողք կողքի:
Շուկայի ետնամասում ապակեպատ նոր բետոնյա կառույց էր, 2-3 հարկանի սյուներ էին: Դրանք պատել էին մգեցված ապակիներով, որպեսզի ներսում հենց այս պահին ընթացող շինարարությունը թաքցնեն: Ներսում եռուզեռ էր, աղմուկ, երկաթ, արմատուրաներ էին կտրում:
Շուկայի կողքի պատերի լուսամուտները բետոնած էին, մուտքի դռները զմռսված:
Զարմանքս այն էր, որ շատ աշխույժ առևտուր էր ընթանում: Մեծամասամբ ոնց որ կենտրոնում տուրիստ եկած մարդիկ էին: Սակայն նրանց մեջ նկատեցի նաև ՊԵԿ տեղակալ Ալավերդյանին: Նրա սայլակը մինչև վեր լցված էր: Բազմաթիվ ՊԵԿ պետեր փոխած, հավերժ պաշտոնյան գոհ էր երևում իր առևտրից:
Ալավերդյաների քաղաք է Երևանս:
Ինձ ոչինչ չմնաց, քան մտնել կողքի մզկիթը: Կապույտ մզկիթը սրանից հետո արդեն օտար չէր թվում ինձ: Միակ հին, չպղծված, մանկության հետ կապող շինությունը դա է մնացել: Պարսիկները թույլ չեն տվել ավերել նաև այն և նորոգել են:
Արագ հեռացա մի վայրից, որտեղ երևաց հայոց պետականության անզորությունը: Քաղաքապետը գցում է մշակույթի նախարարության վրա, սրանք՝ ճարտարապետների, նրանք կարծես թե դեմ են:
Բայց օլիգարխը կանգնեցրել է բոլորին փաստի առաջ:Նոր սիթին գործում է: