«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Բեժանյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ 2009-2012 թթ. կազմակերպությունն ունեցել է 2633 շահառու, որոնցից 1460-ը վերադարձած միգրանտներ են:
Նրանք վերադարձել են հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Մոլդովայից, Չեխիայից եւ Բելգիայից:
«Երեք տարվա ընթացքում 1090 շահառու խորհրդատվություն է ստացել, որի ընթացքում 110 շահառու տեղավորվել է աշխատանքի: Նաեւ 27 հաջողված բիզնես ծրագրեր ենք տվել, որոնք իրենց հերթին բացել են հարյուրից ավելի աշխատատեղեր»,- ասում է Բեժանյանը:
Լրագրողների հարցին՝ ինչո՞վ է պայմանավորած, որ աշխատանքային միգրանտները նախընտրում են գնալ Ռուսաստան, քան Եվրոպա, Բեժանյանը պատասխանեց, որ առաջին հերթին կապված է վիզային ռեժիմի հետ:
«Որովհետեւ Ռուսաստանում վիզային ռեժիմ չկա, որովհետեւ հեշտ է հաղորդակցվելը, ծանոթ, բարեկամ շատ ունեն եւ աշխատանք գտնելու հնարավորությունները մարդկանց համար շատ ավելի մատչելի են»,- ասաց Տ. Բեժանյանը:
Նա նշեց, որ Ռուսաստան գնալու հիմնական գործոնը աշխատանք գտնելն է, սակայն արդարության պակասից նույնպես արտագաղթում են:
Ինչ վերաբերում է վերադարձածներին եւ նրանց վերաինտգրմանը Հայաստանում, Բեժանյանը նշում է երկու տեսակ: Միգրանտներ, ովքեր հեշտ են վերաինտեգրվում, եւ միգրանտներ, ովքեր դժվարությամբ են վերաինտեգրվում:
«Այն մարդիկ, ովքեր մեկնել են աշխատանքի նպատակով, դրսում աշխատել են եւ վերդառանալուց հետո որոշել են այլեւս չմեկնել, շատ ավելի հեշտ են վերաինտեգրվում: Մարդիկ, ովքեր մեկնել են փախստականի կարգավիճակ ստանալու կամ ապաստան հայցողի կարգավիճակ ձեռք բերելու համար, ու չի ստացվել, նրանց հետ են ուղարկել, այս մարդիկ շատ դժվար են վերաինտեգրվում»,- ասում է Տ. Բեժանյանը: