տուն Լուրեր Մտնելով էդ ոհմակի մեջ՝ իրենք պետք է շարժվեն ոհմակի ցանկություններով. Աշոտ Ադամյան

Մտնելով էդ ոհմակի մեջ՝ իրենք պետք է շարժվեն ոհմակի ցանկություններով. Աշոտ Ադամյան

164
0

HYD

Ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ Araratnews.am-ը զրուցել է ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանի հետ:

Դաշնակցությունը, ստանձնելով երկիրն այս վիճակից դուրս բերելու փրկչի դեր, Հանրապետականների  հետ երկարատև համագործակցության հուշագիր ստորագրեց: Ի՞նչ հույսեր պետք է կապի ժողովուրդն այդ ուժի հետ:

-Ժողովրդի անունից խոսելը դժվար է: Ի՞նչ հույս պետք է կապի Դաշնակցության հետ, որոնք այս ընթացքում ոչ մի ձևով չեն կարողացել ապացուցել, որ բարոյական իրավունք ունեն արտահայտել ժողովրդի հույսը: Իրենք նման քայլի առաջին անգամ չեն դիմում կոալիցիայի մեջ մտնելով. վաղուց պատասխանատվություն են կրում երկրի էս վիճակի համար: Թող իզուր փուչիկ հույսեր չներշնչեն ժողովրդին: Զրոյական վերաբերմունք ունեմ իրենց ամեն բառի նկատմամբ:

Իրենք ասում են՝ այս նոր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս իրագործելու այն քայլերը, որոնք մինչ այս չեն արել:

-Գիտեք՝ այդ Սահմանադրության փոփոխությունը որևէ նորմալ բանի չի կարող հասցնել, երբ անտեսվում է, ու կարևոր չէ, թե ինձ ձևով է գրված: Հիմա, ասենք թե, գրել են նոր Սահմանադրությունն ու դրել էնտեղ, քանի՞ կոպեկի արժեք ունի: Նպատակները պարզ են՝ իշխանությունը երկարաձգելու, միակուսակցական իշխանություն ստեղծելու ու թաթն ամբողջ երկրի վրա դնելու համար: Սրանք էլ (նկատի ունի Դաշնակցությանը- հեղ.) բացատրում են, թե ներսից պետք է աշխատեն: Ի՞նչ է նշանակում ներսից աշխատել մի համակարգում, որտեղ նորմալ բաղադրիչը չի կարող նորմալ գործունեություն ծավալել: Լինելով հեղափոխական կուսակցություն՝ հայտարարում են, որ հեղափոխությունն այլևս  ժամանակավրեպ երևույթ է: Հիմա ես կարո՞ղ եմ լուրջ խոսել իրենց հետ: Ես հրաժարվում եմ անլուրջ մարդկանց հետ որևէ զրույց վարել:

-Այս  համագործակցությամբ ինչի՞ են ձգտում, պաշտոնների՞:

-Իհարկե: Չնայած հայտարարում են՝ պաշտոններ ստանալն իրենց համար կարևոր չէ, բայց ուրախությամբ գնում, պաշտոններ են ստանձնում: Եթե կարևոր չի՝ ձեր պայքարն առանց պաշտոնների մղեք, հիշեք՝ ինչ եք ասել իշխանության մասին ընդամենը մի քանի տարի առաջ ու առաջնորդվեք ձեր խոսքերով: Թող կարդան իրենց հայտարարություններն ու իրենց մասին հետևություն անեն:

-Արմեն Ռուստամյանը երեկ հայտարարեց՝ անկախությունից հետո Դաշնակցության անդամներից բացի, Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել ու չկան:

-Էստեղ կարելի է երկա՜ր ծիծաղել (ծիծաղում է- հեղ.), որովհետև շատ ծիծաղելի հայտարարություն է: Եթե իրենք կարծում են, որ իրենք միակն են, էդ իրենց հիվանդությունն է: Վերջ:

Ի՞նչ եք կարծում, Արմեն Ռուստամյանն իսկապես այդ կարծիքին է, թե՞ Հանրապետականներին է հաճոյանում, դե իր հայտարարությունն այդպես մեկնաբանողներ էլ եղան:

-Հաճոյանալն, իհարկե, պետք է հաշվի առնել. Էսօր մտնելով էդ ոհմակի մեջ՝ իրենք պետք է շարժվեն ոհմակի ցանկություններով ու տրամադրություններով, սա հասկանալի է: Բայց ես համոզված եմ՝ իրենք իրենց հայտարարություններին հավատում են, այլապես կզգային, որ հիմարություն են խոսում: Իրենք անգամ կարող են ասել, որ իրենք Աստված են, հետո՞ :

Ի՞նչ  քաղաքական ճանապարհ է սպասվում Դաշնակցությանը:

-Ինձ թվում է՝ իրենց քաղաքական ճանապարհը վաղուց ավարտվել է: Ատամներով կպել են ու չեն ուզում լափից հեռու մնալ: Գիտեմ շատ շարքային Դաշնակցականների, որոնց մտածողությունը չի համապատասխանում ներկայիս դաշտում գտնվող մի քանի Դաշնակցականների տեսակետի հետ:

Զրուցեց Շողիկ ԳԱԼՍՏՅԱՆԸ