Հայաստանի կառավարությունը չի ընդունել ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավորների` փոքր բիզնեսին շրջանառության հարկից ազատելու նախաձեռնությունը: Ինչպես կառավարության մայիսի 29-ի նիստին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն է նշել, պատգամավոր Միքայել Մելքումյանի եւ մյուս համահեղինակների` Բազմասեր Առաքելյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի կողմից ներկայացված` առեւտրի եւ արտադրության փոքր սուբյեկտներին շրջանառության 3,5 տոկոս հարկից ազատելու մասին առաջարկության ընդունումը նպատակահարմար չէ, քանի որ այն գործարքների փաստաթղթավորման պահանջների խստացում չի ենթադրում, ինչի արդյունքում «ստվերի» կրճատման հաշվին հարկերի հավաքագրումն ավելացնելու եւ շրջանառության հարկից հրաժարումը փոխհատուցելու հնարավորություն կստեղծվեր: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը ցավում է, որ կառավարության գործելաոճը չի փոխվել. «Սա քայլ էր, որով կմեղմացվեր փոքր բիզնեսի փլուզումը Հայաստանում, ցավում եմ, որ կառավարության գործելաոճը մնում է նույնը»,-ասաց Վահան Բաբայանը araratnews.am-ի հետ զրույցում: