տուն Քաղաքական Ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանցի ժողովրդի համար. Ալեն Սիմոնյան

Ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանցի ժողովրդի համար. Ալեն Սիմոնյան

267
0
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան

Ինչպես հայտնի է, օրերս կայացել են հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերը՝ համապատասխանաբար Ադրբեջան և Հայաստան: Մամուլի ներկայացուցիչների փոխանակման ծրագիրն իրականացվել է երկու երկրների միջև Փարիզում՝ այս տարվա հունվարին ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա: Ռուսական «Կոմերսանտ»-ն անդրադարձել է այս նախաձեռնությանը՝ հընթացս ներկայացնելով որոշ մեկնաբանություններ քաղաքական տարբեր շրջանակներից:

«Կոմերսանտ»-ի թղթակցի այն հարցին, թե ինչ է արվում երկկողմ վստահության ամրապնդման համար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում շատ բան է փոխվել «թավշյա հեղափոխությունից ի վեր»:

«Հայաստանի բնակչությունը ի սրտե վստահում և հետևում է իր առաջնորդին: Եթե պարոն Փաշինյանը ուղիղ եթերում հայտարարի, թե «տղերք, վերջ, հիմա գնում ենք Բաստիլը գրավելու», ապա բոլորը դուրս կգան տներից և կգնան նրա հետևից»:

Ինչ վերաբերում է խաղաղության նախապատրաստմանն ուղղված ջանքերին, ապա, ըստ Ալեն Սիմոնյանի, ինքը չի տեսնում ադրբեջանական կողմի նույնպիսի պատրաստակամությունն, ինչ Հայաստանն է դրսևորում: Դրանք չեն նկատվում Ադրբեջանի կողմից: ԱԺ փոխնախագահի կարծիքով, պատճառն Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն է:

«Մենք պատրաստ ենք երկխոսության: Ինչպես ասվել է, ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի նաև նաև ադրբեջանցի ժողովրդի համար»,- ընդգծել է խորհրդարանի փոխխոսնակը:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանն էլ ռուսական պարբերականի հետ զրույցում նշել է, որ լրագրողների փոխայցերի ծրագիր իրականացվել է նաև անցյալում, սակայն գործել է մինչև 2001 թվականը:

«Դրանից հետո լրագրողները բազմիցս հանդիպել են Թբիլիսիում, Կիևում, այլ երկրներում, այսինքն՝ հանդիպումներ եղել են, բայց կոնկրետ միմյանց երկրի տարածքներ չեն այցելել»,-հավելել է Թևան Պողոսյանը: