Հայ դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան «Ինստագրամ»-ում անդրադարձել է Դրեզդենի Օպերայի բեմում օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի ելույթը չեղյալ հայտարարելու շուրջ գոյացած սկանդալի մասին: Աննա Նետրեբկոյի ամուսին Յուսիֆ Էյվազովը չէր ցանկացել նույն բեմում հանդես գալ Ռուզան Մանթաշյանի հետ:
Սպիվակովան նշել է, որ արվեստն ու երաժշտությունը միևնույն ազգության պատկանելության, կրոնի և համընդհանուր լեզվի տարածքն են:
Նրա խոսքով ՝ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի հետ ավելի քան 37 տարվա համատեղ կյանքի ընթացքում ինքը բազմիցս ականատես է եղել, թե ինչպես են արտիստները դարձել անբարեխիղճ պրոդյուսերների, տնօրենների, քարտուղարների, գործակալների սադրանքների, ինտրիգների ու խարդավանքների զոհը, ինչի արդյունքում փլուզվել են պայմանագրերը և ընկերական տանդեմները:
«Ես հավատում եմ միայն այն բանին, ինչին անձամբ վկա եմ: Հայազգի երգչուհի Ռուզաննա Մանթաշյանի հանդեպ մեծագույն հիացմունք տածելով հանդերձ, հասկանալով, որ նա ընդամենը զոհ է այս կեղտոտ, մանր պատմության մեջ, ես ցանկանում եմ պաշտպանել Յուսիֆ Էյվազովին՝ խորապես իմանալով, որ նրան խաբել են և ծուղակը գցել: Ես հայուհի եմ, նա՝ ադրբեջանցի, և եթե դիտարկենք քաղաքական ենթատեքստը, մենք հաստատ կլինեինք բարիկադի հակառակ կողմերում: Բայց երբեք ոչ մի արտիստի համար գործընկերոջ ազգությունը դեր չի խաղացել: Բոլոր արտիստները միևնույն՝ արվեստ կոչվող անսահման երկրի քաղաքացիներն են»,- գրել է Սպիվակովան:
Նա նաև հավելել է, որ «ոչ ոք չի կարող իր մաշկի վրա ավելի ուժեղ զգալ այն գենետիկական թշնամանքի ցավը, քան մեր երկու ժողովուրդները», բայց այդ ցավը, Սպիվակովայի խոսքերով, անհրաժեշտ է բուժել սիրով և հանդուրժողականությամբ: