«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը լրագրողների հետ զրույցում ասել է, որ մտադիր է իր ակումբի և հավաքականի հետ նվաճել բոլոր հնարավոր մրցանակները։ Նա նաև վստահ է, որ կարող է զգալի բարելավել իր խաղը կատալոնական ակումբում։
«Իսպանիայի առաջնություն, երկրի գավաթ, Չեմպիոնների լիգա, Աշխարհի առաջնություն․ ցանկանում եմ հաղթել բոլոր այս մրցաշարարերում։ Հույս ունեմ, որ տեղ կունենամ «Բարսելոնայի» և հավաքականի պատմության մեջ։ Յուրաքանչյուր մրցաշար իր նշանակությունն ու արժեքն ունի։ Այդ պատճառով ցանկանում եմ հաղթել։ Իսպանիայի առաջնությունում տիտղոսի համար պայքարում է երեք թիմ։ «Ատլետիկոն» լավ խաղ է ցուցադրում, «Ռեալը»՝ նույնպես, սակայն մենք կարող ենք առաջադիմել, և վստահ եմ, որ «Բարսելոնան» չեմպիոն կդառնա։
Ինձ համար մեծ պատիվ էր՝ մասնակցելու «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությանը։ Չորս տարի առաջ Մեսսին, Չավին, Ինյեստան, Ռոնալդուն իմ սիրելի խաղացողներն էին, իսկ ես հիմա նրանց հետ միասին միևնույն հանդիսավոր արարողությանն էի։ Դա գերազանց զգացողություն է։ Գոհ եմ «Բարսելոնայում» կարիերայիս մեկնարկով, սակայն գիտեմ, որ ավելի շատ կարող եմ տալ այս ակումբին։ Կարևորը՝ շարունակել հաղթել։ Երջանիկ եմ, որ «Ոսկե գնդակի» քվեարկությանը Մեսսին ընտրել է ինձ։ Երջանիկ եմ, որ աշխարհում լավագույններից եմ։ Չեմ կարող ասել, որ Կրիշտիանո Ռոնալդուի հաղթանակը արդար է։ Նրանք Մեսսիի հետ տարբեր ֆուտբոլիստներ են, սակայն ես իմ ձայնը կտայի Լիոնելին»,- ասել է բրազիլացին։ Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն։