Հայաստանյան կառավարություններն ու իշխանությունները վաղուց ի վեր պարզապես խաբում են հասարակությանը ամենատարբեր հարցերի ու խնդիրների կապացությամբ: Սա նոր երևույթ չէ և գուցե անգամ բնորոշ է ցանկացած կառավարություն-հասարակություն հարաբերություններին: Մեծ հաշվով, անգամ զարգացած երկրներում կա հասարակության ինչ-որ մի շերտ, որի կարծիքով իր կառավարությունը խաբում է իրենց:
Հայաստանյան առանձնահատկությունն այն է, որ ներկայիս իշխանությունները խաբում են ամբողջ հանրությանը ամենաբացահայտ կերպով ու այնքան պարզունակ միջոցներով, որ երբեմն զավեշտ է առաջացնում: Հենց այդպիսի զավեշտալի իրավիճակում է երևի թե արդեն երկու տարի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Բնականաբար, այժմ արդեն լիովին պարզ է, որ Հայաստան ներկրվող գազը թանկացել է 2011թվականին, դա գաղտնի է պահվել նկատի ունենալով խորհրդարանական և նախագահական ընտրությունները, որի արդյունքում էլ առաջացել է հայտնի 300 միլիոն պարտքն ու Հայաստանի 20 տոկոս մասնաբաժնի փոխանցումը Գազպրոմին: Հայաստանում դժվար թե գտնվի որևէ առողջ բանականությամբ քաղաքացի, որը սկզբունքորեն այլ կարծիք կարող է ունենալ:
Ինչպես ասում է ժողովրդական առածը` ստի ոտքը կարճ է, չնայած այստեղ էլ կարելի է վերապահումներ անել, քանի որ 1996-ից ի վեր հայաստանյան բոլոր իշխանությունները հիմնված են ստի ու կեղծիքի վրա, բայց այնուամենայնիվ էներգետիկայի նախարարի տարատեսակ ոլոր-մոլոր ձևակերպումների ստահոդությունը չափազանց կարճ կյանք է ունենում: Խոսքն այստեղ բնականաբար չի վերաբերում Արմեն Մովսիսյանի անձին:
Հասկանալի է, որ հասարակությանը ստելու և մոլորեցնելու ծանր ու անշնորհակալ գործը նրա ուսերին դրվել է վերին ատյաններից և ցանկացած մեկ ուրիշը նրա փոխարեն նույն կերպ կվարվեր (գրեթե բացառվում է, որ հանրապետական միջավայրում հնարավոր է պաշտոնյա, որն ասենք սկզբունքայնությունից ելնելով հրաժարական տա): Իրանի իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռաիսիի ընդամենը մեկ մամլո ասուլիսը հօդս ցնդեցրեց Արմեն Մովսիսյանի ծայրահեղ անհասկանալի անիրական պարզաբանումները: Դժվար է ենթադրել, ուրիշ ինչ կերպ կարելի էր ասել, որ համենայդեպս իրանական գազի հարցում նախարարը պարզապես սուտ է խոսում: Սակայն Իրանի դեսպանը հանդես եկավ նաև որակապես նոր հայտարարությամբ, ասելով, որ մի երկիրը կարող է մյուս երկրին վաճառել գազը 400 դոլարով, իսկ մեկ ուրիշին՝ 100 դոլարով, դա որոշվում է այդ երկների միջև բարեկամական հարաբերությունների մակարդակով և պայմանավորվածություններով: Այս հայտարարությունը ուղղակիորեն կոչ էր ՀՀ իշխանություններին շրջվել դեպի Իրանը ոչ միայն գազի գնի հարցում, այլև ընդհանրապես` դեպի բարեկամական երկիր, որն իր պարտքն է համարում օգնել իր բարեկամներին (բարեկամ ձևակերպումը դեսպանինն է):
Հասկանալի է, որ Իրանական կողմի այս հայտարարությունները առավելապես աշխարհաքաղաքական իրավիճակով և սեպտեմբերի 3-ից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրադրությամբ, սակայն սա բոլորովին այլ քննարկման թեմա է: Վերադառնալով հայաստանյան իշխանություններին հարկ է շեշտել, որ ԻԻՀ դեսպանի հայտարարությունները բավական հստակ առաջարկ ուղերձներ էին, որոնք պահանջում են ոչ պակաս հստակ պատասխան ու քաղաքական դիմագիծ: Այստեղ ներկայիս իշխանությունը հայտնվում է բավական բարդ խնդրի առաջ, քանի որ Իրանը ՀՀ քաղաքացիները չեն, որոնց կարելի է խաբել խուճուճ-մուճուճ ձևակերպումներով և ոչ էլ Եվրոպան, որի հետ կարելի է լայն ժպտալով անբովանդակ հայտարարություններ ստորագրել:
Աղասի Մարգարյան