Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շրջանակում ընդհանրապես չի քննարկվում այս կամ այն տարածաշրջանի կարգավիճակի հարցը: Այս մասին Հայաստանի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շրջանակում ձևավորված աշխատանքային խմբի ղեկավար Տատյանա Վոլովայան:
Նրա խոսքով` Հայաստանի անդամակցումը չի ազդի ԼՂ հարցի կարգավորման գործընթացի վրա, միաժամանակ ԼՂ հարցը որևէ կերպ չի ազդի Հայաստանի անդամակցության մասին որոշում կայացնելու վրա: «Սա զուտ տնտեսական հարց է»,- հայտարարեց Տ. Վոլովայան: Հարցին, թե այդ դեպքում կմտնի՞ արդյոք ԼՂՀ-ն այդ ընդհանուր տնտեսական գոտու մեջ, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը թույլ չտվեց, որ Տ. Վոլովայան պատասխանի: «Ես կարծում եմ, այդ հարցին արդեն պատասխան տրվեց»,- հայտարարեց Կ. Մինասյանը: