Սարգսյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ գործազրկության 18 հազար դրամ նպաստը վերացնելու որոշմանը: Նրա խոսքով՝ համակարգը խիստ անարդյունավետ էր, քանի որ հատկացվող գումարների միայն վեց տոկոսն էր հասնում հասցեատերերին: «Սա մեր երկրի համար արդյունավետ չէ: Շատ երկրներ այսպիսի համակարգ չունեն, աղքատ երկրների համար այս համակարգը չի կարող արդյունավետ լինել: Հազարավոր մարդիկ ստանում էին ուղղակի ֆինանսական միջոցներ, որոնք ամենևին չէին նպաստում մի կողմից՝ սոցիալական խնդիրների լուծմանը, մյուս կողմից՝ լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով` իրենք այդ ֆինանսական միջոցները կուղղեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, սոցիալապես անապահով ընտանիքներին լրացուցիչ ծառայություններ մատուցելուն և սոցիալապես խոցելի խավերին, այն դեպքում, երբ 18 հազար նպաստները հաճախ ստանում էին գործազուրկ, բայց սոցիալապես ապահով քաղաքացիներ: