Տրանսպորտի թանկացման մասին լուրերը կարծես իրականությանը բավականին մոտ են: Չնայած շաբաթներ առաջ Տարոն Մարգարյանը հերքեց տրանսպորտի թանկացման մասին լուրերը, ասելով, որ ապրիլին թանկացում չի լինի, այնուամենայնիվ պետք է հիշել նաեւ նախորդ թանկացումից առաջ նրա հայտարարությունները: Կարելի է հիշել նաև Տրանսպորտի և Կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հայտնի «Թանկացումները կլինեն ժողովրդի օգտին» արտահայտությունը: Կարծես թե իրոք, հուլիսյան թանկացումը ժողովրդի օգտին եղավ:
Այն քաղաքական-քաղաքացիական կոնսոլիդացիան, որը ձևավորվեց 100 դրամի շարժման շրջանակներում, աննախադեպ էր թե իր քանակով, թե ակտիվությամբ և իհարկե արդյունքով: Այս տեսանկյունից ինչ խոսք թանկացումը ժողովրդի օգտին էր: Ասում էին, թե թանկացման որոշումը հետ կանչելու որոշումը շատ հապճեպ ընդունվեց, քանի որ իշխանության մեջ գտնվող խելացի մարդիկ հասկացան, որ մի քանի օր էլ ձգվելու դեպքում քաղաքը պարալիզացնելու, քաղաքացիական լուրջ անհնազանդություններ կազմակերպելու կոչերը կարող էին իրականանալ:
Այժմ թանկացումներ իրականացնելու մոտիվացիան գլխավորապես գծատերերիˋ քաղաքապետարանին «խեղդելու» փաստն է, ավելին, այս անգամ արդեն նրանց պահանջը ոչ թե 150, այլ 200 դրամի մասին է:
Հնարավոր է, որ իշխանություններն օգտագործեն վարչապետի հրաժարականի շուրջ առկա թեժ վիճակն ու կատարեն թանկացումները: