տուն Տնտեսական ՏՏ ոլորտում տարեկան 2000 մասնագետ են ուզում պատրաստել

ՏՏ ոլորտում տարեկան 2000 մասնագետ են ուզում պատրաստել

169
0

Այսօր Երևանում մեկնարկած«ԱրմԹեք 2013» 6-րդ ամենամյա համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մասնավոր հատվածի առաջնային հարցադրումը կրթական համակարգի շարունակական բարելավումն է և բարձրորակ մասնագետներով ՏՏ ոլորտի ապահովումը: Հաշվի առնելով, որ ոլորտում տարեկան աճը 15-20 տոկոս է, և այս պահին ունենք 7000 մասնագետ` 300 ձեռնարկությունում, հասկանալի է, որ միջնաժամկետ թիրախը լինելու է տարեկան 2000 որակյալ մասնագետի պատրաստումը», — նշել է Տիգրան Սարգսյանը:

Նա կարևորել է «Մայքրոսոֆթ»-ի գրասենյակի, այդ թվում` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բազայի վրա ստեղծված կենտրոնի աշխատանքները, IBM ընկերության նախաձեռնությունը և այլն:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը թևակոխում է ՏՏ ոլորտի զարգացման նոր փուլ, և անհրաժեշտ է հստակ ձևակերպել հետագա անելիքները` 10 տարում ձեռք բերված հաջողությունը պահպանելու և ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու համար:

«Չափազանց կարևոր է, որ ՏՏ ոլորտում Հայաստանը գտնի իր նիշը. ի՞նչ նեղ մասնագիտացում կարող ենք ունենալ, որպեսզի համաշխարհային համադրումների մեջ կարողանանք ցույց տալ մեր հարաբերական առավելությունը: Այսօր մեր երկիրն ապահովում է միկրոսխեմաների մշակման և դիզայնի ոլորտում համաշխարհային արտադրության 5 տոկոսը, ինչը մեզ համար մեծ տեսակարար կշիռ է և մասնագիտացում, որտեղ ունենք հարաբերական առավելություն: Աշխարհի բոլոր հայտնի ընկերությունները, որոնք մասնագիտացած են դիզայնի բնագավառում, ուշադրության կենտրոնում են պահում Հայաստանը, ավելին, իրենց մասնագետներին ուղարկում են մեզ մոտ վերապատրաստման»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը կարևորել է նաև Հայաստանում վենչուրային հիմնադրամների ստեղծումը, start up բիզնեսի խթանումը, ձախողումներից չխուսափելը և համաշխարհային ցանցում ներգրավված լինելը: «Կառավարությունը պետք է ստեղծի այնպիսի միջավայր, որ բոլոր սուբյեկտները ներկայացված լինեն ՀՀ-ում` համալսարաններ, որոնք բարձրորակ կադրեր են ապահովում, հետազոտական կենտրոններ, որոնք կարող են լինել համալսարաններին կից կամ առանձին, վենչուրային հիմնադրամներ և կառավարիչներ», — նշել է վարչապետը և տեղեկացրել, որ ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի հետ միասին շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել ՀՀ-ում առաջին վենչուրային հիմնադրամի ստեղծման նպատակով:

Տիգրան Սարգսյանի խոսքով` «ԱրմԹեք 2013»-ը հնարավորություն կտա բացահայտել ՏՏ զարգացման երկրորդ փուլի հիմնախնդիրները և հստակեցնել կառավարության անելիքները: «ՏՏ ոլորտը վերջին 5 տարում այնպիսի դինամիկա է դրսևորում, որը խթանում է նաև ՀՆԱ-ի աճը Հայաստանում, քանի որ արտադրողականության աճ է ապահովվում բոլոր ոլորտներում: Այն, որ իր ծավալով, աշխատողների քանակով ՏՏ ոլորտը համադրելի է հանքահումքային արդյունաբերությանը, շատ կարևոր ցուցանիշ է, և մենք պարտավոր ենք ապագայում ևս պահպանել այդ տեմպերը»,- իր ելույթն ամփոփել է ՀՀ վարչապետը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here